Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը Էդուարդ Շարմազանովի հայտնած կարծիքի վերաբերյալ, թե շատ դեպքերում ՀՀԿ-ի խնդիրներն առաջացան այն պատճառով, որ գովացողները շատ էին, իսկ քննադատող չկար, գրում է.

Էխ, պարոն Շարմազանով, պարոն Շարմազանով...Ինչքա~ն եք սխալվում, ասելով "Շատ դեպքերում ՀՀԿ-ի խնդիրներն առաջացան այն պատճառով, որ գովացողները շատ էին, իսկ քննադատող չկար՛՛: Հույս ունեմ, որ իսկապես սխալվում եք, ոչ թե մոռացել եք: Կամ՝ քննադատությունը չեք տեսել, չեք լսել:

Երևի ավելի ճիշտ կլիներ ասել՝ "Ցավոք ՀՀԿ-ի խնդիրներն առաջացան այն պատճառով, որ ՀՀԿ-ականները ինչ որ հիվանդության պատճառով կորցրել էին զգայարանները՝ խլացել էին, կուրացել, չէին զգում իրենց արածի համն ու հոտը, շոշափելիքն էլ փափուկ կյանքից՝ բռնությամբ հեշտ նվաճվող հաղթանակից կոշտացել էր ՛՛:

Միայն զգայարանների կորստի դեպքում էր հնարավոր չտեսնել, չզգալ այլ հեղեղը, որով Հայաստանի մթնորորտը հագեցած էր ՀՀԿ-ի քննադատությամբ: Այլ կերպ դժվար, եթե անհնար չէ պատկերացնել կեղծված ընտրությունների կեղծիքը համառորեն չտեսնելու, արտագաղթը հայ ժողովրդի խառնվածքով ՛՛բացատրելու՛՛, դատա-իրավական համակարգի քրեականցումը շրջանցելու, Հայաստանի անապատացման դեմ բողոքները չլսելու, վերլուծություննեին ՛՛չծանոթանալու՛՛ կտրվող անտառների և ոռոգման սակավաջրության, եղածն էլ օլիգարխներին բախշելու դեմ ըմբոստացող Հայաստանի իրավազուրկ բնակչության ամենօրյա քննադատությունները չլսելու խուլ ու կույր ՀՀԿ-ի համառությունը:

Նույնիսկ ԱԺ պատերի ներսու՞մ չեք լսել հենց նույն Փաշինյանի քննադատությունները: Հիմա, պարզվում է, որ ՛՛քննադատող չկար՛՛: Սա վատ ձևակերպում է, սիրելի պարոն Շարմազանով:

Սրանով Դուք արտոնում եք, որ ՀՀ ընթացիկ իշխանություններն էլ ՛՛չլսեն, չտեսնեն, չշոշափեն, չզգան՛՛: Եթե իսկապես ուզում եք օգնել նորմալ Հայաստանի կայացմանը, ավելի ճիշտ կլինի խոսել այն մասին, թե ինչու և ինչպես էր ՀՀԿ-ն ՛՛կորցրել ՛՛ զգայարանները: