«Հրապարակ» թերթը գրում է. «Երկու ամիս առաջ քրեակատարողական ծառայությունում մի որոշում ընդունվեց, որն ուղղակիորեն կապված է ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանին՝ Ալրաղացի Լյովիկին օրերս առաջադրված մեղադրանքի հետ։ ԱԱԾ-ն տվյալներ ունի առ այն, որ Սարգսյանն է մաքսայինի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա 2008 թվականին կատարված ավազակային հարձակման իրական պատվիրատուն։

Մոտ մեկ ամիս առաջ տեղեկություն ստացանք, որ մաքսայինի նախկին պետի տան գործով գլխավոր դերակատարի՝ հանցավոր համագործակցություն ստեղծելու եւ եւս 4 հոդվածներով դատապարտված նախկին գործարար, «Կոշիկի աշխարհ» ՍՊԸ հիմնադիր Արայիկ Կարապետյանի պատժի կրման ռեժիմը մեղմացվել է, որ նա «փակ տիպի» ռեժիմից տեղափոխվել է «բաց տիպի», ինչը նշանակում է, որ խցի դուռը նրա առաջ չի փակվելու, որ նա կարող է ազատ դուրս գալ կալանավայրից, գնալ աշխատանքի եւ միայն երեկոյան վերադառնալ եւ քնել խցում։ Այս մեծահոգությունը 15 տարվա ազատազրկման դատապարտված անձի նկատմամբ իր գինն ուներ, եւ այդ գինը եղել է Ալրաղացի Լյովիկի դեմ ցուցմունքներ գրելը։

Մեր քրեակատարողական ծառայության աղբյուրը հաստատեց տեղեկությունը, որ Լեւոն Սարգսյանի դեմ ցուցմունքներ է գրել Արա Կարապետյանը։

Հիշեցնենք, որ Ա․ Կարապետյանը Հայաստանի ամենախոշոր կոշիկ ներկրողներից էր։ Գործարար աշխարհում հայտնի է «Կոշիկի Արո» մականունով։ Նա եւ Նոր Նորքի ոստիկանության բաժնի պետի նախկին տեղակալ Արմեն Նիկողոսյանը դատապարտվեցին որպես բանդայի ստեղծողներ։ Գործով 10 անձ դատապարտվեց տարբեր մեղադրանքներով՝ ավազակության, հանցավոր համագործակցության մասնակցելու, պաշտոնատար անձի կոչման յուրացման, փաստաթղթերի կեղծման։ Մաքսայինի նախկին պետ, հանգուցյալ Արմեն Ավետիսյանի դեմ հարձակման գործի նյութերով ապացուցված է համարվել, որ Արայիկ Կարապետյան, գտնվելով ԱՄՆ-ում, 2004 թվականի մայիսի սկզբին մի շարք աձանց հետ Լոս Անջելեսի ոսկերչական ընկերություններին պատկանող առեւտրային ձեռնարկություններից եւ լոմբարդից ընդհանուր առմամբ գաղտնի հափշտակել է 150 հազար ԱՄՆ դոլարի (82.899.000 ՀՀ դրամի) արժեքներ եւ վերջին դեպքով, հանցակիցներին փախուստի պահին իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից բռնելուց հետո, ոստիկանության մարմնից դիմել է փախուստի ու, լքելով ԱՄՆ տարածքը, բնակություն է հաստատել Հայաստանում, որտեղ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Խորհրդային բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Նիկողոսյանի հետ 2007 թվականի նոյեմբերին կազմավորել է հանցավոր համագործակցություն՝ կազմակերպված խումբ՝ ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու նպատակով։

Մեր տվյալներով, ավազակային խումբ ստեղծողներից երկրորդը՝ Նոր Նորքի ոստիկանության բաժնի պետի նախկին տեղակալ Արմեն Նիկողոսյանը, նույնպես ցուցմունքներ է գրել Լեւոն Սարգսյանի դեմ։ Ընդ որում, երկու դատապարտյալները նշել են դրվագներ նախկին պատգամավորի մասնակցությամբ, որոնք մայր գործում բացակայել են։ Լեւոն Սարգսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում