Հայաստանում հոկտեմբերի 2-ից նոր թափ ստացած ներքաղաքական զարգացումներն ուղեկցվեցին ոչ միայն քաղաքական, այլ նաև քրեաիրավական ակտիվությամբ, այդ թվում՝ բավական աղմկոտ մի ձերբակալությամբ: Ձերբակալվեց Սամվել Մայրապետյանը: Գործարար, որը շատ մերձ է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Սակայն ինքնին իր, այսպես ասած, կալիբրով լինելով աղմկոտ, այդ ձերբակալությունը քաղաքական իմաստով այնքան էլ չարժանացավ աղմուկի: Դա, իհարկե, չի նշանակում, որ չունեցավ ազդեցություն քաղաքական զարգացումների վրա:

Վերջին հաշվով, հնարավոր է, որ այդ ձերբակալությունն իր հետքը թողել է ներքին զարգացումների վրա, որոնք փաստացի արդեն իսկ բերել են դեկտեմբերին արտահերթ ընտրության շուրջ համաձայնության, Փաշինյան-Ծառուկյան հանդիպման, հուշագրի, ՀՀԿ շարքերում հայտնի զարգացումների և այլն: Այդ ամենը կարող են լինել փոխկապակցված կամ փոխազդված՝ թեկուզ ոչ ուղղակիորեն: Սակայն այստեղ հարկ է նկատել անմիջական շրջանակի, այսպես ասած, հանդարտությունը, այդ թվում՝ նաև իրավապահ համակարգի բավականին ժուժկալությունը խնդիրը ներկայացնելու առումով: Ակնհայտ է, որ իրավապահները այս դեպքում շատ ավելի զուսպ են գործողությունների ցուցադրականության տեսանկյունից, ինչը հենց առանձնահատուկ է դարձնում կալիբրով աղմկոտ այդ ձերբակալությունը:

Արդյո՞ք իրավապահ համակարգն այդ իմաստով անցել է գործողությունների նոր մարտավարության, որը ենթադրում է տեսարանային ավելի քիչ մաս և ավելի շատ փակ ռեժիմով գործողություններ: Արդյո՞ք այդ հարցում իր դերն ու ազդեցությունն է ունեցել հայտնի գաղտնալսումը:

Այդ ֆոնին էլ հետաքրքիր է, որ կարծես թե չկա Մայրապետյանի ձերբակալությանն, այսպես ասած, «քաղաքական աստառ» տալու աղմկոտ փորձ, չկան հարցազրույցներ, հայտարարություններ և այլն: Իր հերթին, դա արդյո՞ք հենց նրանով է պայմանավորված, որ իրավապահները զգալիորեն փակ են պահում աշխատանքային ռեժիմը՝ դրանով նաև զգուշավորության մղելով այն շրջանակներին, որոնք շահագրգռված կարող են լինել այդօրինակ գործերին քաղաքական երանգավորում տալու և դրա վրա պաշտպանություն կառուցելու հարցում: Այսինքն՝ այդ շահառուները զգուշավոր են իրենց արձագանքներում, քանի որ չեն կարողանում պատկերացնել, թե ինչ վիճակում է բուն գործը:

Մայրապետյանի գործում առ այսօր չկան թե՛ մանրամասներ, թե՛ քաղաքական աղմուկ: Սա առանձի՞ն գործի յուրահատկությունն է, թե՞ այլևս իրավապահների աշխատանքային նոր ոճ, ինչը պայմանավորված է նաև ընդհանուր ներքաղաքական իրավիճակի տրամաբանությամբ, և իրավապահ համակարգն այլևս դիտարկվում է բացառապես իր ֆունկցիոնալ անհրաժեշտության շրջանակում և դուրս է ընդհանուր տեղեկատվա-քաղաքական անհրաժեշտությունների մաս լինելու հրամայականից: Խոշոր հաշվով, ակնառու է, որ իրավապահ համակարգն իր բնույթի բերումով առավել հակված է հնարավորինս փակ, անաղմուկ աշխատանքի, դա այդ համակարգի առանձնահատկությունն է, և հակառակ պարագայում համակարգը անկասկած հայտնվում է որոշակի դիսկոմֆորտի մեջ, ինչն էլ իր ազդեցությունը կարող է թողնել անմիջական ֆունկցիոնալ էֆեկտիվության վրա: Ըստ ամենայնի, իշխանությունը ներկայումս շեշտը դնում է իրավապահ համակարգի աշխատանքի ֆունկցիոնալ էֆեկտի վրա:

Ի դեպ, այդ իմաստով հատկանշական է, որ դեռևս հայտնի գաղտնալսումից օրեր առաջ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն էր հայտարարել, որ այսուհետ պետք է հրաժարվի լրագրողների հետ հաճախակի շփումներից, քանի որ ԱԱԾ պետը մամուլի համար չպետք է լինի այդքան հասանելի և հաճախակի չպետք է շփվի մամուլի հետ:

 Նյութի աղբյուրը՝ 1in.am