Հանրապետական կուսակցության անունից տարածվել է հայտարարություն, որ չեն առաջադրի վարչապետի թեկնածու, չունեն այդպիսի մտադրություն եւ հավատարիմ մնալով կառավարությանը չխոչընդոտելու որոշմանը, միաժամանակ համարում են նաեւ, որ դեկտեմբերի արտահերթ ընտրությունը սխալ ժամկետ է:

Հայաստանը նախընտրական տրամաբանության մեջ է վաղուց, այժմ այն առավել ընդգծված է, եւ գործնականում բոլոր ուժերը այլեւս պատրաստվում են դեկտեմբերի արտահերթին: Իսկ ՀՀԿ՞-ն: Տրամաբանական կլինի, եթե ՀՀԿ-ն բաց թողնի դեկտեմբերի արտահերթ ընտրությունը, որովհետեւ այդ ընտրությանը կուսակցությանը չի սպասում ոչինչ, կատարյալ տապալումից բացի: Գործնականում պարզ չէ նույնիսկ, թե ինչ է ՀՀԿ-ն հիմա ընդհանրապես:

Ըստ այդմ, ինչպե՞ս կարող է արտահերթ ընտրությանը մասնակցել մի ուժ, որը չկա: Փոխարենը, այդ ուժը կարող է «վերակենդանացման» նշաններ ցույց տալ՝ բաց թողնելով խորհրդարանը:

Հայաստանում ընդհանրապես հետաքրքիր իրավիճակ է: Թեեւ դեկտեմբերին լինելու է արտահերթ ընտրություն, սակայն օբյեկտիվորեն, բնականորեն պարզ է, որ ընտրություն լինելու է ձեւով, իսկ բովանդակությամբ՝ ոչ: Որովհետեւ դեկտեմբերին պարզապես համաժողովրդական քվեարկությամբ արձանագրվելու է թավշյա հեղափոխության ամբողջական հաղթանակն ու իշխանափոխությունը, այդպիսով ավարտելով հեղափոխական փուլը եւ սկսելով անցումը քաղաքական փուլին:

Իսկ այստեղ արդեն քաղաքական հեռանկարներն ամենեւին կապված չեն խորհրդարանին: Ավելին, դրանք ավելի շատ կարող են լինել խորհրդարանից դուրս, քան խորհրդարանում: Հայաստանում խորքային խնդիրը քաղաքական ինքնապահպանությունը չէ, դա անհնար է ոչ միայն ՀՀԿ, այլեւ նույնիսկ մյուս այն ուժերի համար, որոնք կանցնեն կամ չեն անցնի խորհրդարան, բայց այսպես թե այնպես պատկանում են հին համակարգին:

Անգամ որպես քաղաքական ուժ ձեւակերպվելու եւ կայանալու խնդիր ունի Քաղաքացիական պայմանագիրը, Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժը, որտեղ առայժմ կա միայն մեկ քաղաքական գործոն՝ Նիկոլ Փաշինյան:

Ըստ այդմ, դեկտեմբերին ձեւավորվելիք խորհրդարանը լինելու է միջանկյալ, անցումային խորհրդարան, որին զուգահեռ Հայաստանում իրական քաղաքականությունը պետք է ծավալվի խորհրդարանից դուրս: Խորհրդարանը, որ կլինի նոյեմբերին, չափազանց նեղ է լինելու քաղաքական դրսեւորման ասպարեզի առումով, որովհետեւ այն արտացոլելու է մի պատկեր, որն աստիճանաբար պետք է տրանսֆորմացնել քաղաքական կյանքի: Ըստ էության, նոր խորհրդարանը լինելու է այն ամբարը, ուր պետք է կուտակվի նախկին ամբողջ համակարգը, այդպիսով բացելով դրանից դուրս քաղաքական նոր համակարգի ձեւավորման ճանապարհը: Առաջին հայացքից դա տարօրինակ է, որովհետեւ քաղաքական թիվ մեկ ամբիոնը եւ քաղաքական կյանքի բեմը պետք է լինի խորհրդարանը:

Այդպիսով, դեկտեմբերի արտահերթ ընտրությունն ունի ոչ թե խորհրդարան ձեւավորելու, այլ հեղափոխությունն ամբողջացնելու եւ ավարտելու, ըստ այդմ նոր քաղաքական համակարգի ձեւավորման հնարավորությունը բացելու իմաստ եւ նշանակություն: Ընդ որում, հաշվի առնելով Հայաստանում փոփոխության բերած գործընթացի եւ փոփոխությունների տրամաբանությունը, արտահերթ ընտրության այդ իմաստն ու նշանակությունը շատ ավելի կարեւոր է, քան նոր խորհրդարան ձեւավորելը: Որովհետեւ նոր խորհրդարանի ռեսուրս չկա, բայց այդ ռեսուրսը չի էլ ավելանալու, եթե արհեստականորեն ձգվի արտահերթ ընտրության անցկացումն ու հեղափոխության ավարտը: Որովհետեւ դա ոչ թե բերելու է քաղաքական դաշտի կայացման, այլ ընդամենը հեղափոխության այսպես ասած չկայացման կամ սպառման:

Հետեւանքը լինելու է այն, որ ստեղծվելու է իրավիճակ, երբ չկա թե քաղաքական դաշտ ու կյանք, չկա նաեւ թավշյա հեղափոխություն: Իսկ դա հանրության եւ պետության համար կլինի բավական ծանր հետեւանք, եւ կշահի միայն այն սեգմենտը կամ շերտը, որը չգիտե կյանքի կազմակերպման այլ ձեւ, քան դա հասարակության ու պետության ապագայի հաշվին անելը, ինչպես որ արել են տարիներ շարունակ:

Հենց այդ պատճառով է, որ անհրաժեշտ է արտահերթ ընտրության հնարավորինս արագ անցկացում:

 Նյութի աղբյուրը՝ lragir.am