Կառավարության այսօրվա՝ հոկտեմբերի 10-ի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանից հետաքրքրվեց, թե երթեւեկության ի՞նչ սահմանափակումներ են լինելու հոկտեմբերի 11-ին ու 12-ին՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացման առթիվ:

Ի պատասխան Օսիպյանն ասաց. «Երթեւեկության անվտանգությունը ապահովելու նպատակով հոկտեմբերի 10-ին ժամը 22:00-ից արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը Հանրապետության ու Շահումյանի հրապարակներում, Վազգեն Սարգսյան փողոցում, Աբովյան փողոցում, Աբովյան-Թումանյան խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Նալբանդյան փողոցում, Սախարովի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ, Տիգրանի Մեծի պողոտայում, Տիգրան Մեծից դեպի Հանրապետության հրապարակ, Ամիրյան փողոցում, Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ հատվածում»:


Նրա խոսքով՝ հոկտեմբերի 11-ին՝ ժամը 8։30-ից մինչեւ 10։30-ն, արգելվելու է երթեւեկությունն Աճառյան փողոցից դեպի կենտրոն, Մյասնիկյան պողոտա-Հերացի-Կորյունի փողոցներով, Ազատության պողոտայով՝ Ազատության պողոտա-Բաբայան խաչմերուկից, Սարալանջի, Տերյան, Կորյունի փողոցներում։

«Ամբողջությամբ երթեւեկության համար փակ են լինելու Մաշտոցի պողոտան, Աթենքի փողոցը, Ծիծեռնակաբերդի խճուղին։

Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 5-ից մինչեւ միջոցառման ավարտը արգելվելու է երթեւեկությունը Վազգեն Սարգսյան փողոցում, իսկ ժամը 8։30-ից փակ է լինելու Աբովյան փողոցը՝ Աբովյան-Թումանյան խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Ամիրյան փողոցը՝ Ամիրյան-Մաշտոց խաչմեչուկից դեպի Հանրապետության հրապարակ, Իտալիայի, Բեյրութի եւ Զաքյան փողոցները, Խորենացի փողոցը՝ Ագաթանգեղոսի խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտա-Խորենացի խաչմերուկ, Տիգրան Մեծի պողոտան՝ Տիգրան Մեծ- Խանջյան խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Հանրապետության փողոցը՝ Հանրապետություն-Վարդանանց խաչմերուկից դեպի Տիգրան Մեծ պողոտա, Նալբանդյան փողոցը՝ Սախարովի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ հատվածում, Արամի փողոցը՝ Արամի-Խանջյան խաչմերուկից դեպի Նալբանդյան փողոց», - ասաց Վալերի Օսիպյանը։

Վարչապետը հստակեցրեց, որ հոկտեմբերի 11-ին առավոտյան 8։30-ից Երեւանի կենտրոնը երթեւեկության համար փաստացի փակ է լինելու: Նա հորդորեց հնարավորության դեպքում քաղաքացիներին օգտվել մետրոպոլիտենից. «Երեւի պետք է ակնկալել, որ մետրոպոլիտենը իր շարժակազմերի քանակը կավելացնի, որ հնարավոր լինի սպասարկել ամբողջ մարդկային հոսքը: Պարոն Արշակյան, կարծում եմ, որ այս ուղղությամբ արժի հատուկ հանձնարարական տալ», - ասաց վարչապետը:

Վալերի Օսիպյանն իր հերթին անդրադարձավ նաեւ հոկտեմբերի 11-ին Հանրապետության հրապարակում տեղի ունենալիք գալա-համերգին՝ հորդորելով դրան մասնակցելու ցանկություն ունեցող քաղաքացիներին հրապարակ գալ համերգից 2-3 ժամ շուտ, քանի որ անցակետեր են լինելու եւ անվտանգության նկատառումներով զննումներ են լինելու։

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն էլ տեղեկացրեց, որ հոկտեմբերի 11-ին հնարավոր է թույլ անձրեւ, իսկ հաջորդող օրերին տեղումներ չեն սպասվում, եղանակը նորմալ կլինի: