Երկուշաբթի ՀՀԿ խմբակցությունը սկսեց փլուզվել: ՀՀԿ մեկ տասնյակից ավելի պատգամավորներ, հիմնականում ոչ «քաղաքական թեւից», հայտարարեցին, որ միանում են դեկտեմբերին արտահերթ ընտրություն անցկացնելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը: Փլուզումը շարունակվեց հետագա օրերին:

Մինչ այդ, տեղի էին ունեցել նշանակալի իրադարձություններ: Շաբաթ՝ հոկտեմբերի 6-ի երեկոյան ԱԺ նախկին պատգամավորների մասնակցությամբ տեղի էր ունեցել միջադեպ, որի արդյունքում մեկը սպանել էր մյուսին ու ինքնասպան եղել 4 միլիոն դոլար պարտքի ու գույքային վեճի համար: Իսկ կիրակի օրը ձերբակալվել էր խոշոր գործարար Սամվել Մայրապետյանը, ում մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալուն օժանդակելու համար:

Մայրապետյանին ներկայացված մեղադրանքի մասով տեղեկությունները սուղ են, չկան սովորական դարձած «արտահոսքերը» մամուլում: Մայրապետյանը համարվում էր Ռոբերտ Քոչարյանի «գանձապահը» եւ չի բացառվում, որ գործը կապված լինի հենց երկրորդ նախագահի հետ: Մասնավորապես, աղմկահարույց գաղտնալսման հրապարակումից հետո տված ասուլիսում ԱԱԾ պետն անդրադարձել էր Քոչարյանի սեփականությանը. «Փաստերով կխոսենք և կասենք ով ինչ ունի: Կհրապարակենք ոնց է ձեռք բերել Կոնգրես հյուրանոցը 6 միլիոն դոլար կաշառք վերցնելու արդյունքում ու մնացած ունեցվածքը: Ունենք ստացած ցուցմունք, հիմնավոր ապացույցներ: Ունենք սխեմա, թե ինչպես է գալիս և հասնում, և Քոչարյանի ընտանիքը դառնում վերջնական սեփականատեր: Գիտենք, այդ գումարը ինչպես փոխանցվեց Քոչարյանի ընտանիքին: Ունեցվածքի գործով մեկ շաբաթ-տաս օր առաջ քրեական գործ է հարուցվել փողերի լվացման հոդվածով: Խոսքը գնում է հարյուր միլիոնավոր դոլարների մասին»:

Արդյոք դրա հետ է կապված Մայրապետյանի ձերբակալությունը առայժմ տեղեկություններ չկան: Սակայն նրա ձերբակալությունը ահազանգ էր քրեական օլիգարխիայի համակարգին, եւ ըստ էության՝ առավել ազդեցիկ, քան օրինակ Սահմանադրական կարգի տապալման մեղադրանքը Քոչարյանին, ով վերջին շաբաթներին փորձում էր հանդես գալ համակարգը մոբիլիզացնողի ու երաշխավորի դերում:

Փողի, սեփականության խնդիրը ապաքաղաքական այդ համակարգի հիմքն է: Եվ այդ իրադարձությունները համակարգի ներկայացուցիչներին ցույց տվեցին, որ նախկին սխեմաներն ու երաշխիքներն այլեւս չեն գործում:«Անտերության» զգացումը նրանց ստիպում է արդեն անհատական մակարդակով լուծել սեփական խնդիրները: Եւ եթե «Սահմանադրական կարգի տապալումը» միավորում էր համակարգին, սեփականության խնդիրն արդեն դառնում է կենտրոնախույս միտումների խթան:

Մայրապետյանի ձերբակալությունն անակնկալ էր, եւ համակարգային նշանակության առումով ավելին է, քան օրինակ Սաշիկ Սարգսյանի, Վաչագան Ղազարյանի, գեներալ Մանվելի եւ այլոց հետ կապված գործերը: Եւ եթե սրանք «տեսարանային» գործեր էին, Մայրապետյանի գործն առնչվում է համակարգային սխեմաներին: Դա էլ վերջնական փլուզեց համակարգը:

Հ.Գ. Հոդվածը պատրաստ էր, երբ հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ն հետաքննություն է սկսել համակարգային մեկ այլ առանցքային դեմքի՝ Մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի հյուրանոցների ֆինանսավորման մասով:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am