Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցները Լոռու փոխմարզպետի հետ հանդիպումից հետո հոկտեմբերի 10-ին դադարեցրել են բողոքի ակցիան, բացել միջպետական ճանապարհը եւ երկաթգիծը, հաղորդում է «ԷկոԼուրը»:

Պղնձաձուլարանի աշխատակիցների բողոքի ակցիայի պատճառը գործարանի փակման մասին լուրերն էին: ԷկոԼուրի հետ զրույցում «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Օլեգ Դուլգարյանը հայտնեց, որ գործարանի ճակատագրի վերաբերյալ հստակ պատասխաններ աշխատակիցներին չեն տրվել: Վերջիններս նշել են, որ կշարունակեն բողոքի ակցիաներ իրականացնել, եթե գործարանի փակման հարցը շարունակվի շրջանառվել:


Պղնձաձուլարանի փակման վերաբերյալ լուրերը եւ պատճառները հստակ հայտնի չեն: Աշխատակիցների շրջանում շրջանառվող խոսակցությունների համաձայն` պատճառը Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կողմից նշանակված 380 միլիոն դրամի տուգանքն է:

Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը ԷկոԼուրին ասաց, որ պղնձաձուլարանը շահագործող «ԷՅ-ՍԻ-ՓԻ» ընկերությունը տուգանքի վերաբերյալ առարկություն տեսչական մարմնին չի ներկայացրել:

Տեսչական մարմնի ղեկավարը նշեց, որ ընկերությունն ունի թույլտվություն տարեկան արտանետելու մոտ 6000 տոննա ծծմբային անհիդրիդ, սակայն արտանետում է 33.000 տոննա: «Ընկերությունն ասում է` ավելի ցածր չեմ կարող արտանետել: Ուզում է ստանալ թույլտվություն 38.000 տոննա արտանետելու, ինչին ես ինքս դեմ եմ», - ասաց Արթուր Գրիգորյանը:

Ալավերդու պղնձաձուլական գործարանը շահագործող «ԷՅ-ՍԻ-ՓԻ»-ն Վալլեքս խմբի ընկերություններից է: Պղնձաձուլարանը, ինչպես Վալլեքսին պատկանող «Թեղուտ» ՓԲԸ-ի գույքը, գրավադրված է ռուսական ՎՏԲ բանկում: «Հետք»-ի հետ զրույցում «Վալլեքս» խմբի ընկերությունների փոխնախագահ Սահակ Կարապետյանը ի պատասխան հարցի` կհաջողվի՞ գործարանը «փրկել» բանկի գրավից, ասել է. «Կդժվարանամ այդ հարցին հստակ պատասխանել՝ կհաջողվի, թե ոչ: Բայց մենք այդ ուղղությամբ աշխատում ենք»: