Ռուսական Կոմերսանտ պարբերականը հայտնել է, որ Գազպրոմ մեդիահոլդինգը փոխել է ժամանցային հեռուստատեսության կառավարման ձեւը, ինչի հետեւանքով մեդիահոլդինգի ժամանցային հեռուստատության նախկին ղեկավար Արթուր Ջանիբեկյանը դարձել է գլխավոր տնօրենի առաջին տեղակալ:

Թերթը գրում է, որ Ջանիբեկյանի լիազորությունը եւ աշխատանքային շրջանակը չի փոխվել: Փաստացի փոխվել է կառավարման կառուցվածքն ու Ջանիբեկյանի կարգավիճակը: Ժամանցային հեռուստատեսությունը ներառում է Գազպրոմ մեդիահոլդինգի մեջ մտնող մի շարք ժամանցային ալիքներ, այդ թվում հայտնի ՏՆՏ հեռուստաալիքը, իր Կոմեդի Քլաբ հայտնի նախագծով, որն ըստ էության հնարավոր է համարել «հայկական» նախագիծ: Հայտնի է, որ նախագծի հեղինակներից են Ջանիբեկյանն ու շոումեն Գարիկ Մարտիրոսյանը: Նրանք Նոր հայեր թիմից էին՝ Ուրախների եւ հնարամիտների ակումբից:

Հատկանշական է նաեւ, որ Կոմեդի Քլաբը սեպտեմբերի վերջին իր փառատոնն անցկացրեց Հայաստանում, երկու օր: Դրա արդյունքում նկարահանվել է մի քանի թողարկում, երեքն արդեն հեռարձակվել է ՏՆՏ եթերում: Այդ թողարկումները բավական հաջողված էին ու հետաքրքիր: Կոմեդի Քլաբի երեւանյան փառատոնը գործնականում նպաստեց հանրահայտ նախագծի շնորհիվ նաեւ Հայաստանի որոշակի գովազդին:

Այդ իմաստով հատկանշական է, որ դրանից կարճ ժամանակ անց Գազպրոմեդիահոլդինգը փոխում է Ժամանցային հեռուստատեսության կառավարման կառուցվածքն ու դրա հետեւանքով Արթուր Ջանիբեկյանի կարգավիճակն է փոխվում, ղեկավարի փոխարեն գլխավոր տնօրենի առաջին տեղակալ:

Կա՞ որեւէ կապ այդ հանգամանքի հետ, թե ոչ, իհարկե դժվար է ասել: Միաժամանակ դժվար է պատկերացնել, որ Արթուր Ջանիբեկյանը Կոմեդիի փառատոնը Երեւան էր բերել Գազպրոմմեդիահոլդինգից թաքուն: Սակայն դեպքերի հաջորդականությունն իսկապես ուշագրավ է, հատկապես նկատի ունենալով այն, որ իր մեդիաքաղաքականությամբ Գազմպրոմմեդիահոլդինգը ընդհանրապես աչքի է ընկնում այսպես ասած ոչ հայանպաստ դիրքով, հատկապես հասարակական-քաղաքական բլոկի շրջանակում:

Այդ իմաստով ընդհանրապես նկատելի է, որ երբ ռուսական քաղաքական իսթեբլիշմենտում բարձրացավ Գազպրոմի դերը եւ դրա նախկին ղեկավար Մեդվեդեւը հայտնվեց ՌԴ նախագահի աթոռին, բավական բարձրացավ նաեւ ռուս-ադրբեջանական գործակցության մակարդակն ու հենց այդ շրջանում գործնականում փորձ արվեց գագաթնակետին հասցնել կազանյան գործընթաց կոչվածը:

Ըստ այդմ, առնվազն կարող է հարց առաջանալ, թե արդյոք Գազպրոմին պատկանող մեդիահոլդինգի հասարակական-քաղաքական բլոկում այդ քաղաքականության գեներատորները չեն ներել այն, որ ժամանցային բլոկի ղեկավարը հայտնի նախագծի շնորհիվ դրական գործ է արել նաեւ Հայաստանի համար:

Ժամանցային ենթահոլդինգի ղեկավարման գործառույթը կփոխանցվի «Գազպրոմ մեդիա»-ին՝ Դմիտրի Չեռնիշենկոյի ղեկավարության ներքո, գրում է Կոմերսանտը: Նա համակարգելու է ռազմավարական ու առանցքային օպերացիոն գործառույթները:

Ի դեպ, Գազպրոմմեդիահոլդինգի ղեկավար կազմում կա եւս մեկ հայ, դարձյալ ՈՒՀԱ նախին խաղացող, պարզապես բժշկական ինստիտուտի Շարմ թիմից՝ Ռաֆայել Մինասբեկյանը: Նա մեդիա հոլդինգի կինոյի եւ հեռուստատեսության խմբի ղեկավարն է: Հետաքրքիր է, որ նախորդ տարի դեկտեմբերին նրան Երեւանում ընդունել էր Սերժ Սարգսյանը: Մինասբեկյանը Սարգսյանին ասել էր, թե պատրաստվում են համատեղ ծրագրեր Հանրային հեռուստատեսության հետ, նաեւ ֆիլմարտադրության ոլորտում, որպեսզի ներկայացվի հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամությունը, համատեղ ձեռքբերումները, անցած ճանապարհը:

Այդ այցը Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրումից հետո էր, որի վերաբերյալ Գազպրոմմեդիահոլդինգի առանցքային հեռուստաալիքը՝ ՆՏՎ-ն, հեռարձակել էր անպարկեշտ բովանդակությամբ թոք-շոուն:

Դրանից կարճ ժամանակ անց տեղի ունեցած այցի ընթացքում Սարգսյանն ու Մինասբեկյանը չէին խոսել այդ մասին, համենայն դեպս պաշտոնական հաղորդագրությամբ դա չկար, թեեւ կասկած չկա, որ այսպես ասած չհրապարակված խոսակցություն այդ թեմայով եղել է:

Միեւնույն ժամանակ, դեկտեմբերից մինչ այժմ շատ բան եւ շատ արագ փոխվել ու փոխվում է ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ Ռուսաստանում եւ նաեւ հայ-ռուսական հարաբերության տիրույթում, իր ռիսկերով եւ լայն հնարավորություններով միաժամանակ: Այդ փոփոխությունները սակայն ընդհանուր առմամբ ռուսական մեդիադաշտում դեռեւս չունեն արտացոլում, եւ այդ մեդիադաշտը շարունակում է լինել Հայաստանի հանդեպ քաղաքականության, մոտեցումների եւ պատկերացումների ու թերեւս նաեւ պատվերների նախկին «թրենդի» մեջ:

Թեեւ հնարավոր է, որ նոր իրավիճակում դա արդեն ոչ թե ռազմավարական խնդիր է, այլ ըստ էության մարտավարական «արտանետում», որը դուրս է «հիմնական արտադրամասում» սկսված «արդիականացումից»:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am