NEWS.am–ին նոր մանրամասներ են հայտնի դարձել նախօրեին Վանաձորի «Նավակ» ռեստորանի բակում հնչած կրակոցների դեպքի մասին։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11-ին՝ ժամը 19։05-ի սահմաններում ռեստորանի բակում հրազենային վնասվածքներ էին ստացել 41-ամյա Գևորգ Նավոյանը, 37-ամյա Գրիգորի Դավթյանը և 44-ամյա Արմեն Սեդրակյանը։

Մեր տեղեկություններով՝ հանցագործության թիրախում եղել է Գևորգ Նավոյանը, որը Մոսկվայում հայտնի քրեական հեղինակություն է և վերջերս էր վերադարձել Հայաստան։

Նախնական տեղեկություններով՝ քրեական հեղինակության սպանությունը նախապատրաստած անձինք դեպքի օրը գնել են «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենա, որից և կրակոցներ են արձակել ռեստորանից դուրս եկող տղամարդկանց ուղղությամբ։

Կրակոցներ արձակելուց հետո կասկածյալներն այրել են ավտոմեքենան՝ այդ կերպ փորձելով վերացնել հանցագործության հետքերը։

Նշենք, որ այրված ավտոմեքենան արդեն հայտնաբերվել է, իսկ սպանության կասկածանքով կան բերման ենթարկվածներ։

Ավելի վաղ հայտնել ենք, որ հոկտեմբերի 11-ին՝ ժամը 19-ն անց 5-ի սահմաններում, «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ հրազենային վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 41, 37 և 44-ամյա տղամարդիկ։ Իրավապահները պարզել են, որ Վանաձորում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով էլ տղամարդիկ վիրավորվել են։ Հայտնաբերվել է այրված մեքենա և 5.45մմ տրամաչափի 21 կրակված պարկուճ։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը օգտագործելը) 1-ին և 6-րդ կետերով (սպանության փորձ) և 235 հոդվածի հատկանիշներով: