Երեւանն իրոք հզոր քաղաք է եւ երբեմն կարելի է հուզվել այդ հզորության ներգործության ներքո: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 13-ին, Երեւանի քաղաքապետի պաշտոնակալման արարողության ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, ասաց. «Ես ուզում եմ այսօր հատկապես հիշատակել Երեւանի այսօրվա պատկերի, կամ այդ պատկերի հիմնական բովանդակության առանցքային ստեղծողներից մեկին՝ Ալեքսանդր Թամանյանին, ով իսկապես իր գործով մի նոր էջ բացեց մեր ժողովրդի պատմության մեջ: Ճակատագրի բերումով, համենայնդեպս մեր հայրենիքի այս հատվածը, հայտնվել էր քաղաքային կյանքի եւ քաղաքային մշակույթի կորստի եզրին: Թամանյանը իր գործընկերների հետ մի մեծ վերածնունդ ապահովեց ժողովրդի համար: Եթե ինձ հարցնեն, թե ովքեր են այն առանցքային մարդիկ, որոնք կերտել են մեր ժամանակակից կերպարը, այն քաղաքացու կերպարը, որոնք դուրս եկան հրապարակ եւ ասացին՝ մենք տերն ենք մեր հայրենիքի, ես երեք անուն կտայի՝ Կոմիտաս, Թումանյան եւ Թամանյան:


Ես ուզում եմ, որ այսօր, այո, մեր խոնարհումը բերենք մեր ազգի, մեր ինքնության այս երեք հզոր հենասյուներին»:

Փաշինյանը խոսեց նաեւ նոր Երեւանի կերպարի մասին. «Այո, Երեւանը հայության մայրաքաղաքն է: Մենք այդպես ենք ասում, որովհետեւ Երեւանում ապրում են հայության բոլոր շերտերը ներկայացնող մարդիկ:

Շատ մեծ սիմվոլ կա նրանում, որ քաղաքապետի խորհրդանիշը հանդիսացող այդ լանջաշղթան քաղաքապետին հանձնեցին Տիգրան Մանսուրյանն ու Արթուր Իսպիրյանը: Ուզում եմ հավատալ, որ սա մեր ուղերձն է նոր Հայաստանի նոր մայրաքաղաքի, քաղաքացու դոմինանտ տեսակի վերաբերյալ: Մենք պատկերացնում ենք, որ նոր Հայաստանում, նոր Երեւանում մարդկային ձգտումը, չափանիշը պետք է լինեն նրանք, որոնք հարգալից են ուրիշների նկատմամբ, օրենքի նկատմամբ, կրթության նկատմամբ:

Վերջերս հաճախ հիշում եմ Տիգրան Մանսուրյանին, ինքն այդ մասին չգիտի: Հիշում եմ իր մասին գրած մի հոդված մի առիթով: Երբ ինչ-որ մի տեղ հերթական մրցական էր ստացել, եւ էդ մրցանակը ներառել էր դրամական պարգեւ: Դրանից հետո, երբ Տիգրան Մանսուրյանը վերադարձել էր Հայաստան, առաջին քայլը, որ արել էր, գնացել էր Հարկային ծառայություն եւ ասել էր՝ գիտեք, ինչ, ես եկամուտ եմ ստացել, որի մասին դուք տեղյակ չեք, ես որքան եկամտահարկ պետք է վճարեմ: Սա է նոր Հայաստանի նոր քաղաքցու կերպարը, որը ոչ թե մտածում է, թե ինչ անի, որ հարկ չվճարի, այլ մտածում է Մանսուրյանի պես»,-ընդգծեց նա: