«Թավշյա հեղափոխությունից 5 ամիս անց ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով սերտ կապեր ունի Կրեմլի հետ, հայտարարեց, որ վերադառնում է քաղաքականություն՝ ՀՀ նոր կառավարությանը մարտահրավեր նետելու համար»,- գրում է ամերիկյան Bloomberg գործակալությունը:

Գործակալությունը նշում է, որ Ռոբերտ Քոչարյանը քննատում է ՀՀ այսօրվա իշխանությունների «հեղափոխական ռոմանտիզմը»:

«Ես տեսնում եմ նոր կառավարության թերությունները, հասկանալի չէ, թե ինչպես է իշխող կուսակցությունն իր վրա վերցնելու պարտավորությունները: Ակնհայտ է, որ նրանք չեն ներգրավվում պրոֆեսիոնալներին: Հեղափոխական ռոմանտիզմը, անշուշտ, հակառակ արդյունքը կունենա»,- գործակալություն հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Բացի այդ, Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է կայանալիք խորհրդարանական ընտրություններին:

«Որքան հասկանում եմ, ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերին, և դա կլինի Փաշինյանի անձնական հաղթանակը: Բայց դա կլինի նաև պետականության պարտությունը»,- ասել է նա:

«Նման մոդելը չի կարող հաջողված լինել, քանի որ մեկ քաղաքական մենաշնորհ փոխարինվում է մյուսով»,- հավելել է ՀՀ երկրորդ նախագահը:

Bloomberg-ը հավելում է, որ Քոչարյանն իր առջև խնդիր չի դնում՝ երկրի ղեկին վերադառնալու համար: