«Ծառուկյանը ոչ քաղաքականությամբ ապրում ա, որ քաղաքականության հաշվին ապրի: Ծառուկյանը, ես հարյուր անգամ ասել եմ, ուզում ա իր հնարավորությունն ու կապն օգտագործի հօգուտ իր ժողովրդի: Ժողովրդին թյուրիմացության մեջ դնողները դուք եք... Ոնց որ Ծառուկյանը քաղաքականությամբ ապրում է, որ հանկարծ, ասենք թե, ձայն չտվեցին, իրանց ցավն էլ տանեմ»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով հարցին՝ մտահոգություն չունի՞ արդյոք, որ ավագանու ընտրությունների նման ԲՀԿ-ն քիչ ձայն կհավաքի:

Դիտարկմանը՝ «Ծառուկյան» խմբակցությունը դեմ էր դեկտեմբերին ԱԺ ընտրություններ անցկացնելուն, ասել է. «Մեր պատգամավորները դեմ էին. կառավարության ծրագրով կա ընդունված՝ ինչ պետք է լիներ, բայց համապատասխան հարցը բարձրացրին, որ ժողովուրդն է ուզում, ժողովրդի ցավն էլ տանեմ: Մենք ուզեցել ենք հունիսին էլ լինի, բայց այդպիսի խնդիր չկա, որ կառչենք, բան ման գանք: Հիմա եթե դրեցին դեկտեմբերին կամ հունվարին, ցուրտ ա, ձմեռ ա, քարոզարշավ ա... բայց եթե անհրաժեշտ ա ժողովրդին, մենք կողմ ենք»: