Դեկտեմբերի խորհրդարանի ընտրությանն ընդառաջ հնչում են գնահատականներ, թե Հայաստանը մի քաղաքական մենաշնորհից կանցնի մյուսին, կամ այսպես ասած միակուսակցականության: Այդպիսի գնահատական հնչեցրել էր անգամ Ռոբերտ Քոչարյանը, Բլումբերգին տված հարցազրույցում:

Հղումն այն է, որ արտահերթ ընտրությանը Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքական միավորը կստանա ձայների գերակշռող մեծամասնությունը, ինչպես Երեւանի Ավագանու ընտրությանը:

Հայաստանի Սահմանադրությունն իհարկե խորհրդարանում թույլ չի տալիս 81 տոկոս՝ առաելագույնը մոտ 70, քանի որ ըստ Սահմանադրության պահանջի պետք է 1/3-ը լինի ընդդիմություն: Բայց, 2/3-րդն էլ գերակշռող, բացարձակ մեծամասնություն է: Իհարկե խորհրդարանի ընտրություններում այդ ցուցանիշն էլ հազվադեպ է, սակայն պետք է հաշվի առնել այն օբյեկտիվ ու տրամաբանական իրողությունը, որ բխում է թավշյա հեղափոխության արդյունքից:

Դա ներկայում հանրային օրակարգի եւ տրամադրությունների արտացոլումն է, որը պետք է արձանագրվի խորհրդարանում, այդպիսով ամբողջական դարձնելով իշխանափոխությունն ու ավարտելով հեղափոխական տրամաբանությունը: Իհարկե, տրամադրությունները չեն փոխվի հենց հաջորդ օրը, բայց կսկսեն փոխվել եւ իշխանության «հեղափոխական» փաստարկներն էլ կսկսեն աստիճանաբար կորցնել իրենց ուժը, մոգականությունը, ազդեցությունը:

Ըստ այդմ կսկսեն նաեւ ավելի ազդեցիկ դառնալ քաղաքական հակափաստարկները, եւ կձեւավորվի քաղաքական մրցակցության միջավայր:

Ըստ այդմ, դեկտեմբերի արտահերթ ընտրությունը առնվազն ոչ պակաս հենց քաղաքական մրցակցության, քան միակուսակցականության կամ մենաշնորհի գրավական է: Ավելին, մենաշնորհի, միակուսակցական վտանգի մասին դիտարկումներում բերվող փաստարկը բավական թույլ է, կարծրատիպային եւ հաշվարկված է հանրության իռացիոնալ ու զգայական ընկալման վրա, կապված նախորդ համակարգի հանդեպ վերաբերմունքից ու վախերից:

Բանն այն է, որ խորհրդարանի ընտրությամբ բացարձակ մեծամասնություն ստանալը դեռ քաղաքական մենաշնորհ կամ միակուսակցություն չէ: Աշխարհի որեւէ երկրում արգելված չէ ընտրությամբ 50+1 տոկոս, կամ 60, 70 տոկոս ձայն հավաքելը: Արգելված է այդ տոկոսները ընտրության կեղծիքով, օրենսդրության խախտումով հավաքելը:

Ըստ այդմ, բուն խնդիրն այն է, թե ընտրությունը որքանով է օրինական, որքանով է դրա ընթացքում ապահովված հավասար մրցակցությունը, ազատությունը:

Երբ բերվում է համեմատություն նախկինի հետ, ապա ռացիոնալությունն այդտեղ վերանում է իսպառ: Որովհետեւ նախկինում խնդիրն այն չէր, որ ՀՀԿ-ն հավաքել էր բացարձակ մեծամասնություն, այլ այն, որ այդ մեծամասնությունը հավաքվել էր օրենսդրության կոպիտ խախտումներով, փողով, ահաբեկությամբ եւ այլն: Այդ բացարձակ մեծամասնությունը հավաքվել էր ընտրական մեխանիզմի ոչնչացման ճանապարհով:

Ի դեպ, օրինակ դրանից առաջ՝ 2003 թվականին, ՀՀԿ-ն չէր հավաքել բացարձակ մեծամասնություն եւ խորհրդարանի մեծամասնություն կազմել էին ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ ՕԵԿ-ը, բայց դա ամենեւին չէր նշանակում, որ իշխանությունը մենաշնորհ չէր: Որովհետեւ կոալիցիայի այդ տոկոսներն ու կազմը որոշվել էր մեկ կենտրոնում, որը պայմանական հնարավոր է ասել Բաղրամյան 26: Պարզապես ընտրվել էր այսպես ասած ոչ միակուսակցական ձեւաչափը, ինչը Սերժ Սարգսյանը 2007 թվականին փոխեց մի շարք ներիշխանական հակասությունների պատճառով:

Ըստ այդմ, մենաշնորհի հարցում առանցքայինն այն է, թե որտեղ եւ ինչպես է դա որոշվում: Եթե ընտրողն է մեկ քաղաքական ուժի տալիս իշխանության պատվերը, ապա դա չի կարող բնորոշվել իբրեւ մենաշնորհ, այլ ընդամենը ընտրությամբ ձեռք բերված հաղթանակ, որը նույն ընտրողը կարող է չեղարկել հերթական ընտրությամբ կամ արտահերթ զարգացումով, եթե տվյալ ուժը չի արդարացնում սպասումները:

Ըստ այդմ, գլխավոր խնդիրն այն է, թե արդյոք Հայաստանում հանրությունը երբեւէ եւս մեկ անգամ թույլ կտա որեւէ իշխող ուժի կեղծել կամ ոչնչացնել Հայաստանում ընտրական մեխանիզմը: Իսկ դրա համար հանրությանը ոչ թե պետք է ահաբեկել մենաշնորհների եւ միակուսակցականության մասին արհեստածին մտահոգություններով կամ «փաստարկներով», այլ հանրության հետ խոսել քաղաքական վերահսկողության հետընտրական հանրային հնարավորինս շատ ու բազմազան մեխանիզմների ձեւավորման շուրջ: