Երևանի Հովհաննես Պողոսյանի անվան թիվ 82 հիմնական դպրոցում սովորող աշակերտներից մեկի քույրը՝ Մարիամ Բարխոյանը  ահազանգել է դպրոցում տիրող անօրինությունների մասին։

Մարիամ Բարխոյանը NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ դպրոցի տնօրեն Լիլիթ Ասլանյանի 8-րդ դասարանում սովորող դուստրը դասարանի աշակերտներին վիրավորում է եւ ոչ ոք նրան դրա համար նկատողություն չի անում։


«Տնօրենի աղջիկը իմ քրոջ դասարանում է սովորում, շատ վատ է իրեն պահում, մի երեխայի ձեռքն է կոտրել, քֆուրներ է տալիս, ոչ մի ուսուցչուհի նրա վրա չի բարկանում, չի դաստիարակում, ու այդ երեխան ամեն ինչ անում է։ Գիշերվա կեսին էդ երեխեն իմ քրոջը ֆեյսբուքյան էջով լկտի բաներ է գրել, ես դրանք նկարել, պահել եմ։ Երեխաներ կան որոնք իրենց չեզոք են պահում, իսկ երեխաներ էլ կան, որ ուղղակի կուլ են տալիս վիրավորանքները՝ թե տնօրենի աղջկա, թե դասատուների»,– պատմեց Մարիամը։

Մարիամը պատմեց, որ դպրոցում կան ուսուցիչներ, որոնք կաշառք են վերցնում, երեխաների հետ վատ են վարվում։

«Դպրոցում կան ուսուցչուհիներ, որոնք կաշառք են վերցնում, կան ուսուցչուհիներ, որոնք լկտի վիրավորանքներ են հասցնում, խփում են 15-16 տարեկան երեխաներին։ Դպրոցի տնօրենը իր բարեկամներին բերել է դպրոց, օրինակ ֆիզկուլտի դասատուն իր քեռին է, էդ դասատուն երեխեքի գլխին է խփում։ Դա երկար ժամանակ է, ես միշտ զանգել զգուշացրել եմ, բայց աչքաթող են արել: Ես երբեք կաշառք, կամ բամբոներկաներ չեմ տալիս»,–ասաց նա։

Մարիամն ասաց, որ ծնողներն ու դպրոցի տնօրենը հանդիպել են, խոսել, սակայն ինքը հույս չունի, որ դրանով հարցը կլուծվի։ Մարիամը դիմել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին պատմել խնդրի մասին, վերջինս խոստացել է զբաղվել խնդրով։

Մարիամի խոսքով՝ ծնողների եւ Լիլիթ Ասլանյանի հանդիպումից հետո էլ տնօրենը 8-րդ դասարան է մտել եւ երեխաներին սպառնացել, թե իրեն զրպարտում են, ծնողներին էլ «անգրագետ» է անվանել:

Երեւանի թիվ 82 դպրոցի տնօրեն Լիլիթ Ասլանյան ասաց, որ նման բաներ չեն կատարվում դպրոցում, իր դուստրն էլ մի քանի աղջիկների հետ «աղջկական» կոնֆլիկտ է ունեցել, սակայն հիմա ամեն ինչ հարթվել է։

«Մենք ծնողների հետ հանդիպում ունեցանք, խոսեցինք բոլոր խնդիրների մասին։ Կոնֆլիկտ եղել է աղջիկների մեջ բայց միայն իմ դստեր անունը չի շոշափվել, այլ աղջիկների անուններ էլ են եղել։ Ես որոշել եմ իմ երեխային այլ դպրոց տեղափոխել այս բոլոր խոսակցություններից հեռու պահելու համար։ Եւ կարծում եմ՝ մենք այսօր համաձայնության եկանք ծնողների հետ: Երեխայի ձեռքը կոտրելու հետ էլ իմ դուստրը կապ չունի, այդ հարցն էլ երեխայի հետ պարզել ենք»,– ասաց տնօրենը։

Անդրադառնալով ուսուցիչների կողմից կաշառք վերցնելու դեպքերին տնօրենն ասաց որ նման բան չկա, ամոթ է նույնիսկ նման բաների մասին խոսելը. «Նման բան չկա դպրոցում, իսկ այն որ ուսուցիչները ծեծում են երեխաներին, հնարավոր չէ, քանի որ ամբողջ դպրոցը տեսահսկվում է: Ճիշտ է՝ ֆիզկուլտուրայի ուսուցիչը իմ մորեղբայրն է, բայց սպորտի վարպետ է եւ եւս հատուկ եմ նրան հրավիրել դպրոց, դպրոցում ֆիզկուլտուրան կարգի բերելու համար: Բոլոր դպրոցներն էլ շատ կուզենաին նման մասնագետ ունենային»: