Եվ այսպես, այսօր մի քանի ժամ անց Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա, ինչպես սպասվում է կառավարության արտահերթ նիստում, և Հայաստանը կթևակոխի խորհրդարանի լուծարման երկշաբաթյա գործընթացի փուլ:

Շատերը այս կապակցությամբ փորձում էին Փաշինյանին հետ պահել այդ քալից՝ ազդարարելով վտանգների մասին, որ խորհրդարանի ներկայիս մեծամասնությունը կարող է խաբել: Սակայն, ինչպես և ասել ենք այս առիթով, կրկնենք նաև այժմ՝ խոսել այդ մասին, նշանակում է համարել, որ Փաշինյանն ինքը անխոհեմ և ոչ սթափ քայլի է պատրաստվում: Եվ սա այն դեպքում, երբ հենց նա թերևս ամենից մեծ տեղեկացվածությունն ուներ իրավիճակի և վտանգների հավանականության ու իրատեսականության մասին:

Ըստ այդմ՝ եթե կայացվել է քաղաքական այս որոշումը, և եթե անգամ պատասխանատու կերպով հայտարարվել էր այս տարբերակը, դա նշանակում է, որ վտանգները հաշվարկված և ռիսկերը գնահատված են:

Իհարկե, քաղաքականության մեջ երբեք հնարավոր չէ ասել երբեք, կամ կյանքում ընդհանրապես, սակայն այդ կանխավարկածը գործնականում հնարավոր է տարածել ցանկացած իրավիճակի վրա՝ կենցաղից մինչև քաղաքականություն, և ըստ այդմ՝ չկա իրավիճակ, որն այդ տրամաբանությամբ ռիսկի ենթակա չէ: Եվ ուրեմն՝ Փաշինյանի հայտարարությունը հրաժարականի մասին կնշանակի, որ նա հաշվարկել է այս տարբերակի բոլոր ռիսկերն ու հնարավորությունները ու եկել եզրահանգման, որ հենց դա է կարճ ու օպտիմալ ճանապարհը հնարավորինս արագ արտահերթ ընտրություն անցկացնելու համար:

Միևնույն ժամանակ, շատ հստակ է, որ այս առումով ակնհայտ, այսպես ասած, հավանության արձագանքներ են ստացվել արտաքին ուժային կենտրոններից: Վերջին հաշվով, եթե դիտարկենք վտանգը ևս մեկ անգամ, դա վարչապետի այլ թեկնածուի առաջադրումն է, թեև խորհրդարանական բոլոր ուժերը հայտարարել են, որ չեն անելու դա: Սակայն եթե դիտարկենք, այսպես ասած, խաբելու հանգամանքը, ապա այստեղ պետք է հասկանանք, թե ում են նրանք խաբելու՝ Նիկոլ Փաշինյանի՞ն, թե՞ հասարակությանը: Եվ ակնհայտ է, որ նրանք խաբելու են հասարակությանը: Իսկ թե ինչ է նշանակելու խաբել հասարակությանը, ըստ էության՝ նախերգանքի տեսքով բոլորը տեսան հոկտեմբերի 2-ին: Արդյո՞ք դրանից հետո որևէ ուժ կարող է մտածել հանրությանն ավելիի առումով փորձելու մասին:

Այսպիսով, Հայաստանում մի քանի ժամ անց կմիացվի խորհրդարանի արտահերթ ընտրության հաշվիչը: Թեև, խոշոր հաշվով, հասարակության համար միացվածը ոչ թե այդ հաշվիչն է, որովհետև հասարակությունն այս փուլում ընտրությունը կատարել է ակնհայտորեն, այլ այսպես ասած՝ հետընտրական հաշվիչը, այսինքն՝ նոր կառավարության ձևավորման և գործունեության: Ակնառու է, որ խորհրդարանի արտահերթ ընտրությունից հետո ձեավորվելիք կառավարությունն ու ներկայացվելիք ծրագիրը, նաև աշխատանքային առօրյա ՕԳԳ-ն որակապես պետք է լինեն մի քանի գլուխ բարձր և մի քանի աստիճան խորը, քան մայիսի 8-ից հետո ներկայացվածը: Որովհետև մայիսի 8-ից հետո ներկայացված էր հեղափոխականը, իսկ դեկտեմբերից հետո պետք է ներկայացվի պետականը:

 Նյութի աղբյուրը՝ 1in.am