Ռուս սահմանապահները հայ-թուրքական սահմանին հերթական սահմանախախտին են ձերբակալել:

Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հեկտեմբերի 15-ին Գյումրիի սահմանապահ ջոկատի սահմանապահները անհայտ մարդու են նկատել, որը հատում էր պետական սահմանը:

Սահմանախախտն ուշադիր զննում էր տեղանքը եւ աշխատում աննկատ առաջ շարժվել՝ օգտագործելով տեղանքի անհարթությունները: Որոշ ժամանակ անց նրա շարժման ենթադրվող երթուղու վրա սահմանապահները դարանակալել են: Սահմանախախտը ձերբակալվել է սահմանապահ ջոկատի զինծառայողների պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ:

Նախնական տեղեկություններով՝ ձերբակալված անձը Թուրքիայի քաղաքացի է: Ապօրինի սահմանախախտման դրդապատճառները կպարզեն իրավասու մարմինները:

Օրենսդրությամբ սահմանված կարգով սահմանախախտին հանձնել են Հայաստանի իրավապահ մարմիններին: