Կառավարությունն այսօր՝ հոկտեմբերի 16-ին, հավանություն տվեց Ընտրական օրենսգրքում փոփոխությունների եւ հարակից օրինագծերի փաթեթին, որը կուղարկվի ԱԺ:

Օրինագծերի փաթեթը ներկայացրեց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Նա նշեց, որ ընտրական բարեփոխումների հիմնական նպատակը ՀՀ-ում ժողովրդավարական ինստիտուտների կայացումն է, դրանից ելնելով մշակվել է Ընտրական օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխությունների նախագիծ:


Օրենսգիրքը լուծում է հետեւյալ խնդիրները.

Թեկնածուների տարածքային ցուցակների վերացում, պարզ համամասնական ընտրակարգի ընդունում.

Կոալիցիաների ձեւավորման սահմանափակումների վերացում եւ ժամկետների ընդլայնում՝ 6 օրից դարձնելով 10 օր,

Կուսակցական բազմակարծության ապահովման նպատակով՝ ընտրվելու նվազագույն շեմի իջեցում՝ կուսակցությունների համար նախատեսելով 4 տոկոս նախկին 5-ի փոխարեն եւ դաշինքների համար 6 տոկոս՝ նախկին 7-ի փոխարեն,

ընտրագրավի գումարի իջեցում 10 մլն դրամից 7,5 մլն դրամի,

ԱԺ-ում նվազագույնը 4 քաղաքական ուժերի ընտրության երաշխիքների ապահովում.

Կանանց ներկայացվածության քվոտայի բարելավում՝ գործող 25 տոկոսի փոխարեն սահմանելով 30 տոկոս ներկայություն,

«Բոնուսային համակարգի» վերացում Երեւանի, Գյումրիի եւ Վանաձորի ընտրությունների ժամանակ:

Արտակ Զեյնալյանի խոսքով, լրացուցիչ մեխանիզմներ են նախատեսված, այդ թվում նախատեսվում է սահմանափակել վավերականության ժամկետը լրացած անձը հաստատող փաստաթղթով քվեարկելու իրավունքը՝ ապահովելով վավեր անձնագրերով Հայաստանում գտնվող բոլոր ընտրողների համար եւ ցուցակներում թողնելով առնվազն վերջին մի քանի տարվա ընթացքում անձը հաստատող վավեր փաստաթուղթ ունեցող ընտրողներին:

«Նախատեսվել է մեխանիզմ՝ դատարանի կողմից անգործունակ ճանաչված անձանց ընտրողների ցուցակից հանելու համար:

Ընտրողների իրազեկվածության բարձրացում, որը ենթադրում է

Օրենսդրորեն ամրագրել համապետական ընտրությունների ժամանակ Հանրային հեռուստատեսությամբ հեռուստաբանավեճերի կազմակերպումը՝ դրանցից առնվազն մեկը նախատեսելով կուսակցությունների համամասնական ցուցակի առաջին համարների մակարդակով, ինչպես նաեւ անվճար հնարավորություն տալով այլ լրատվամիջոցներին վերահեռարձակելու այդ հեռուստաբանավեճը:

Էապես ավելացնել Հայաստանի հանրային ռադիոյով եւ հեռուստատեսությամբ անվճար եթերաժամանակի քանակը եւ նախատեսել կուսակցությունների նախընտրական ծրագրերի լուսաբանում: Հեռուստատեսությամբ այն կլինի մինչեւ 60 րոպեի փոխարեն 90 րոպե, իսկ ռադիոյով՝ մինչեւ 125 րոպեի փոխարեն մինչեւ 180 րոպե:

Ապահովել զորամասերում քարոզչության հավասար պայմաններ՝ ՀՀ պաշտպանության նախարարության միջոցով՝ առանց անցագրային ու գաղտնիության ռեժիմի փոփոխման: Մասնավորապես՝ սահմանել մեխանիզմներ զինծառայողներին նախընտրական քարոզչությանը հեռուստատեսությամբ հետեւելու համար:

Քվեարկության գործընթացի մատչելիության ապահովում, ինչը ենթադրում է տեղաշարժման դժվարություններ ունեցող ընտրողներին հնարավորություն տալ ժամանակավոր հաշվառվել տեղաշարժման համար մատչելի, գտնվելու վայրի մոտակա տեղամասային կենտրոնում։

Զինվորականների քվեարկության ընթացքում արգելվել է վերադաս սպայի գտնվելը քվեարկության սենյակում։

Ընտրական գործընթացների նկատմամբ վերահսկողության հնարավորությունների բարձրացում, այդ թվում`

Կրճատել ՀԿ-ների հավատարմագրելու վերջնաժամկետը:

Վերացնել դիտորդների եւ ԶԼՄ ներկայացուցիչների գումարային թիվը տեղամասում սահմանափակելու հանձնաժողովի իրավունքը:

Սահմանել միջազգային եւ օտարերկրյա դիտորդական կազմակերպություններին հրավեր ուղարկելու ընթացակարգը:

Ամրագրել տեղական դիտորդական կազմակերպությունների կողմից 3-ամսյա ժամկետում իրենց զեկույցները հրապարակման համար ԿԸՀ ներկայացնելու պահանջ։

Անգործունակ ճանաչված անձինք հանվելու են ընտրողների ցուցակից»,-ընդգծեց Արտակ Զեյնալյանը: