Վարչապետի հրաժարականից հետո ԱԺ-ում վարչապետի ընտրության առաջին շրջափուլում Նիկոլ Փաշինյանի վարչապետի թեկնածու առաջադրվելը իրավական հարց է, քաղաքական չէ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 17-ին, «Ազատության» հարցին ի պատասխան նշել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Դա ոչ թե քաղաքական, այլ իրավական հարց է, իրավաբանների բանավեճեր են տեղի ունենում: Երեկ երկրորդ կեսի դրությամբ ծանրակշիռ էր այն կարծիքը, որ նման մեկնաբանությունը ճիշտ չէ կապված առաջադրման անհրաժեշտության հետ»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ ինքն այդ մասին բարձրաձայնեց «Ելք» խմբակցության պատգամավորների հետ հանդիպման ժամանակ, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ես չցանկացա, որ որեւէ նրբերանգ անտեսվի, ես բարձրաձայնեցի, որ այն իրավաբանները, որոնք ներգրավված չեն այդ բանավեճում, իրենք էլ ներգրավվեն, որ ամեն ինչ ճշգրիտ լինի: Երեկ երեկոյան ներկա իրավաբանների մեծ մասը կարծում էր, որ դրա անհրաժեշտությունը չկա:

Չնայած այդ բանավեճերի արդյունքում որոշումը քաղաքական շրջանակում պետք է կատարվի, բայց հարցը քաղաքական ենթատեքստ չունի»,-ասաց նա: