Ազգային ժողովի արտահերթ ընտրությունից առաջ, չնայած սիրո եւ համերաշխության հաստատված մթնոլորտին, այնուամենայնիվ ներքին լարվածություն է զգացվում: Քաղաքական դաշտում կարծես թե հաստատվել է որոշակի կոնսենսուս դեկտեմբերի ընտրության կապակցությամբ. Կուսակցությունները հայտարարել են, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո թեկնածու չեն առաջադրելու եւ ավելորդ լարվածություն չեն ստեղծելու: Չկա այն հռետորաբանությունը, որը տիրում էր Երեւանի ավագանու ընտրության շրջանում:

Ռոբերտ Քոչարյանը, ով մտադիր էր կոնսոլիդացնել հին համակարգը, հայտարարել է, որ այս փուլում ակտիվություն չի ցուցաբերելու, չի մասնակցելու արտահերթ ընտրությանը:

Իր հերթին, հայկական խորհրդարանի արտահերթ ընտրության եւ Հայաստանում իշխանության ամբողջական ձեւավորման հարցում կոնսենսուս կա նաեւ արտաքին առաջատար գործընկերների մոտ, թեեւ նկատվում է նաեւ նրանց որոշակի մրցակցությունը Հայաստանի ապագա իշխանության հետ գործընկերության ու ազդեցության մասով:

Վերջին օրերին այս թեման սրեցին ռուսները. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն, անդրադառնալով Հայաստանում ԱՄՆ դեսպանի հարցազրույցներից մեկում քաղաքացիական հասարակության աջակցության թեմային, ԱՄՆ-ին մեղադրել էր Հայաստանի ներքին գործերի միջամտության մեջ:

Արտաքին շահագրգիռ կողմերի հետաքրքրությունը բնական է, քանի որ Հայաստանի իշխանության խնդիրը զուտ ներքին հարց չէ եւ առնչվում է Հայաստանի աշխարհքաղաքական որոշակի դերակատարությանը:

Այնուամենայնիվ, չնայած ներքին ու արտաքին համաձայնությանը, զգացվում է որոշակի զսպված լարվածություն: Նիկոլ Փաշինյանը, ճիշտ է բավական զուսպ, խոսում է ներքին որոշակի ցնցումների հնարավորության եւ այդ պարագայում ժողովրդի հակահարվածի մասին: Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն, իր հերթին, հայտարարել է, որ ժողովուրդն ամեն ինչի պատրաստ է, նկատի ունենալով զարգացումների որոշակի սցենարներ առավել լայն առումով: Իսկ վարչապետի հետ հանդիպմանը նախագահ Արմեն Սարգսյանը, ի թիվս այլ կետերի, նշել է սահմաններին զգոնությունը չկորցնելու անհրաժեշտությունը:

Լարվածության «ավանդական» աղբյուր են դիտարկվում Ռուսաստանը, որտեղ չի դադարում նոր Հայաստանի վերաբերյալ տեղեկատվական-քարոզչական բացասական ֆոնը եւ որոշակի պետական քաղաքական շրջանակների շահագրգռությունը, ինչպես նաեւ Մոսկվայի հետ կապված ներքին ուժերը, որոնք ըստ էության ունեն սաբոտաժի «սահմանադրական լծակներ»: Բացի այդ, վտանգ կարող է լինել նաեւ Ադրբեջանի կողմից, եւ թերեւս դա նկատի ուներ Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում: Փաշինյանը երեկ հայտարարեց, որ Ալիեւի հետ ստեղծել են հուսալի օպերատիվ կապ եւ պահում են Դուշանբեի պայմանավորվածությունը:

Երկշաբաթյա այս շրջանում զգոնությունն ու բոլոր քաղաքական դերակատարների պատասխանատվությունն ավելորդ չեն, որքան էլ այս ընթացքում կատարվել են «կանխարգելիչ» բավական գրագետ ու արդյունավետ քայլեր: Իշխանության «անցման» շրջանը Հայաստանում վերջնականապես պետք է դուրս բերվի ցնցումների տրամաբանությունից:

Նյութի աղբյուրը ՝ Lragir.am