Երևան-Սևան ճանապարհին ոստիկանների հարազատները փակել են մայրուղին։ Դեպքի վայրում են ՀՀ փոխվարչապետը, տրանսպորտի նախարարի պաշտոնակատարն ու մարզպետը։ Խոշտանգման կասկածանքով ձերբակալված ոստիկանների հարազատները մարտական են տրամադրված։

Խոշտանգման կասկածանքով ձերբակալված Թաթուլ Գևորգյանի, Վահագն Միքայելյանի և Սահակ Դավթյանի հարազատները փակել են Երևան-Սևան մայրուղին և պահանջում են ազատ արձակել ոստիկաններին` պնդելով, որ նրանք մեղավոր չեն։ Դեպքի վայրից այս մասին հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։

«Ոչ մի խոշտանգում չի եղել։ Այն մարդը, որին իբր խոշտանգել են, դատվածություն ու կրիմինալ անցյալ ունի, ինքն է հայտնվել ծեծկռտուքի մեջ, հետո «շառ» է արել ոստիկանների վրա»,- ասացին ոստիկանների հարազատները։

Ոստիկանապետի տեղակալ Աղասի Կիրակոսյանը բողոքող հարազատներին համոզում է բացել ճանապարհը, սակայն նրանք պնդում են` մինչև իրենց հարազատներին չազատեն, ճանապարհը չեն բացի։

Դեպքի վայրում են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն ու Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

Նշենք, որ Հատուկ քննչական ծառայությունը երեկ տեղեկություն էր տարածել, ըստ որի` ձերբակալվել են Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Սևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետն ու նույն բաժանմունքի երկու օպերլիազորները։

Նրանց կասկածում են ՀՀ ոստիկանության Սևանի բաժնում խմբի կազմում Ա. Մ.-ին խոշտանգելու մեջ: Ա. Մ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայություն դիմում էր ներկայացրել այն մասին, որ 2018 թվականի հոկտեմբերի 7-ին ոստիկանության Սևանի բաժնի երեք աշխատակիցներ Սևան քաղաքում գործող բուքմեյքերական ընկերության գրասենյակի մոտից իրեն տեղափոխել են ոստիկանության Սևանի բաժին և ծեծի ենթարկել: Նախաքննությունը շարունակվում է:

 Նյութի աղբյուրը՝ armeniasputnik.am