Սիրելի երեւանցիներ, շնորհավորում եմ Ձեզ Երեւանի հիմնադրման 2800-ամյակի առթիվ: Սա ոչ միայն Երեւանի բնակիչների, այլեւ բոլոր այն մարդկանց տոնն է, որոնք սիրում են Երեւանը եւ այն համարում իրենց հարազատ վայրը: Չէ որ Երեւանն ամբողջ հայության մայրաքաղաքն է:

Ցանկանում եմ, որ մեր Երեւանը, չնայած իր պատկառելի տարիքին, լինի միշտ երիտասարդ եւ ուժերով լի քաղաք: Այս օրերին շնորհավորանքներ եմ ստանում աշխարհի բազմաթիվ անկյուններից, շնորհավորում են ձեզ, սիրելի երեւանցիներ: Ուզում եմ հատկանշել, որ այսօր վաղ առավոտյան սկսվում են մեր տոնական միջոցառումները, Երեւանի տարբեր հատվածներում լինելու են տարաբնույթ հանդիսություններ, նորաձեւության ցուցադրություն, թեմատիկ բեմեր, հեծանվավազք, ի դեպ, որի մեկնարկին մասնակցելու եմ նաեւ ես:

Ամբողջ օրը շրջելու եմ մայրաքաղաքում, հանդիպելու եմ ձեզ, շնորհավորելու ենք միմյանց ու միասին տոնելու ենք մեր քաղաքի հոբելյանը: Համոզված եմ, որ անչափ հիշարժան ու հագեցած օր ենք անցկացնելու: Երեկոյան՝ 19: 30-ին Հանրապետության հրապարակում կմեկնարկի գլխավոր միջոցառումը՝ տոնական գալահամերգը, որը, հուսով եմ, դրական լիցքեր ու հաճելի ակնթարթներ կպարգեւի ձեզ:

Տոնական երեկոն հագեցած կլինի օրվա խորհրդով ընտրված երեւանյան երաժշտությամբ, նաեւ պատմական անդրադարձով, Երեւանի կենսագրությանը եւ մեր օրերի մայրաքաղաքը ներկայացնող բեմականացումներով, իսկ ավարտին՝ հրավառություն:

Եվս մեկ անգամ ի սրտե շնորհավորում եմ, սիրելի երեւանցիներ, սիրում եմ ձեզ, բոլորիս բարձր տրամադրություն: