Կապանում անցկացված համայնքի ղեկավարի ընտրություններում նախնական տվյալներով հաղթել է անկուսակցական Գևորգ Փարսյանը։

Գևորգ Փարսյանի տեղեկացմամբ՝ ՔՊ թեկնածու Նարեկ Բաբայանը ստացել է 8076, Էդգար Հովհաննիսյանը՝ 277, ինքը՝ 10021 քվե:

Էջմիածնում ու Արմավիրում հաղթել են ՔՊ թեկնածուներ Դիանա Գասպարյանն ու Դավիթ Խուդաթյանը, Հրազդանում՝ ՔՊ անդամ Սասուն Միքայելյանի որդին, ում սակայն ՔՊ-ն չէր պաշտպանում ընտրություններում, պատճառաբանելով ազգակցական գործոնը:

Կապանում անկուսակցական թեկնածուի հաղթանակը ուշագրավ է դառնում Սյունիքի մարզպետի պաշտոնում ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի նշանակման ֆոնին: Կապանում այն միանշանակ չի ընդունվել. ճանապարհներ էին փակվում ի նշան բաղաքի, ընդ որում՝ ըստ վարչապետի տեղեկատվության՝ նաեւ ՔՊ անդամներ: Տեղեկություններ եղան նաեւ, որ ՔՊ անդամներից ոմանք դուրս են եկել կուսակցությունից ի նշան բողոքի:

Վարչապետի հիմնավորումը, թե ինչու է նշանակել Հունան Պողոսյանին, հեղափոխական «էյֆորիայի» ֆոնին ըստ ամենայնի լավ չի ընդունվել Սյունիքում: Առավել եւս նարկոթրաֆիկի վերաբերյալ նրա ակնարկը:

Մյուս կողմից, պետք է հիշել, որ նախկին վարչակարգը Սյունիքում «խփում» էր ամենաշատ տոկոսները բարձր մասնակցության պայմաններում: Հատկանշական է, որ այս ընտրություններում Կապանում նույնպես գրանցվել է ամենաբարձր մասնակցության տոկոսը, ի տարբերություն մյուս քաղաքների:

Կարելի՞ է արդյոք պարտություն համարել նաեւ Հրազդանում տեղի ունեցածը: Ի տարբերություն Կապանի, Նիկոլ Փաշինյանը Հրազդան չէր այցելել նախընտրական քարոզչության շրջանակում:

Միեւնույն ժամանակ, ընտրություններն անցել են հանգիստ ու ազատ պայմաններում, եւ սա նոր իշխանության հերթական հաղթանակն է Հայաստանի վերափոխումների գործում:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am