Կամ գնում ենք արտահերթ ընտրությունների նոր օրենսգրքով, կամ դուք գնում եք սաբոտաժի ճանապարհով եւ մենք դեկտեմբերին կայանալիք անխուսափելիորեն կայանալիք ընտրություններին գնում ենք հին ընտրական օրենսգրքով: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ դիմելով ՀՀԿ-ական պատգամավորներին:

Նա կոչ արեց գնալ խոհեմության ճանապարհով, համախոհության ճանապարհով. «Ասել, որ ժամանակ չենք ունեցել ընտրական օրենսգիրքը քննարկելու, ես եւ իմ ընկերները ամռան ամիսներին ԱԺ-ում հանգամանորեն քննարկել ենք եւ էական փոփոխություն մեր քննարկածից չի եղել: Կոչս բարեկամական է բոլոր ուժերին, գնալ կոնսենսուսի ճանապարհով, ընտրությունների գնալ շատ ավելի բարելավված ընտրական օրենսգրքով, քան այն ընտրական օրենսգրքով, որն ուղղակի ապաքաղաքականացրեց 2017-ի ապրիլյան ընտրությունները: Ինչ վերաբերում է երկրորդ ընթերցումը մի քանի օր հետաձգելուն, էստեղ խնդիր չկա: Եթե կառավարությունը կտեղավորվի իր հաշվարկներում, կարծում եմ՝ այդ հարցը եւս լուծելի է: Հորդորում եմ ունենալ քաղաքական կոնսենսուսի հասնելու ցանկություն»,-հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը համաձայնեց, որ իսկապես երկրում կա սահմանադրական ճգնաժամ, նաեւ ընդունեց, որ Ընտրական օրենսգրքի փոփոխություններում կան դրական դրույթներ, սակայն հավելեց, որ Ընտրական օրենսգրքի ներկայացված նախագիծը թերի է եւ պետք է լրջորեն քննարկել այն: Բաբուխանյանն առաջարկեց երկու ամիս ժամանակ տրամադրել Ընտրական օրենսգիրքը ընդունելու եւ նոր ընտրություններ անցկացնելու համար:

Նշենք, որ ԱԺ-ում քննարկվում է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների եւ հարակից նախագծերի փաթեթը: Եթե այն չընդունվի, ապա դեկտեմբերին ԱԺ ընտրությունները տեղի կունենան գործող Ընտրական օրենսգրքով:

Նշենք, որ ՀՀԿ ԳՄ-ն այսօր վաղ առավոտյան նիստ է արել, որտեղ քննարկվել եւ հաստատել է ՀՀԿ դիրքորոշումը Կառավարության կողմից ԱԺ ներկայացված Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ, որը պաշտոնապես կհրապարակվի ԱԺ արտահերթ նիստին։