Իհարկե, ցանկացած ուժ իրավասու է սեփական քաղաքական գործունեությունը ծավալել, այդ թվում բոյկոտ իրականացնել, բայց երկրում այնպիսի իրավիճակ է, որ այսօր հիմքեր են դրվում Հայաստանի հետագա 20-30 զարգացման համար: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ԱԺ-ում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով փաստին, որ երեկ խորհրդարանը չընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, դեմ էր ՀՀԿ-ն:

«Ներկուսակցական շահերը պետք է ստորադասել պետական շահերին: Կոչ եմ անում խորհրդարանում քաղաքական մեծամասնությանը անպայման գնալ նրան, որ մենք Ընտրական նոր օրենսգիրք ունենանք: Սա միայն իշխանություն ձեւավորելու խաղի կանոն չէ, սա ապագա իշխանության որակի բարելավման խնդիր է, որովհետեւ ռեյտինգայինով ընտրված պատգամավորների 90 տոկոսից ավելին 5 տարվա ընթացքում որեւէ ելույթ չի ունեցել»,-ասաց Միքայել Մելքումյանը:


«Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանն իր հերթին անդրադարձավ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի խոսքին, որը կոչ էր անում ՔՊ-ի ներկայացուցիչներին ամեն ինչ անել, որ Ընտրական օրենսգրքի փոփոխություններն անպայման ընդունվեն, ոչ թե հայտարարեն, թե որ օրենսգրքով էլ լինեն ընտրությունները, իրենք միեւնույն է, հաղթելու են:

Լենա Նազարյանը հիշեցրեց, որ իրենք են Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը բերել խորհդարան եւ իր ամբողջ կազմով ներկա է եղել ու կողմ է քվեարկել նախագծին: Լենա Նազարյանը նկատեց, որ այլ խմբակցություններից եղել են բացականեր, այդ թվում «Ծառուկյան» խմբակցությունից:

Տիգրան Ուրիխանյանն էլ նշեց. «Հոկտեմբերի 2-ին երբ օրենք էր ընդունվում, ժողովուրդը եկավ ԱԺ: Եկեք, բերենք նորից ժողովրդին, ճնշում գործադրենք, որ այստեղի խալտուրաներով չկարողանան պահել հին ընտրական օրենսգիրքը»:

Ազգային ժողովի արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքի փոփոխությունները չընդունվեցին: Օրինագծին կողմ քվեարկեց 56, դեմ 3 պատգամավոր, մինչդեռ անհրաժեշտ է 63 կողմ ձայն: Նշենք, որ օրենքը սահմանադրական է, և հարկավոր էր պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 3/5-ի քվեն՝ 63 ձայն:

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ չընդունեց ԸՕ-ի մասին օրենքի նախագիծը