Lragir.am-ը գրում է. Նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ չի ստորագրում ԱԺ կանոնակարգի փոփոխության աղմկոտ օրենքը, որը հոկտեմբերի 2-ին դարձավ հայտնի իրադարձությունների պատճառ: «Օրենքի վերաբերյալ փաստացի արձանագրվեց հանրության մի ստվար զանգվածի անհամաձայնությունը: Հավատարիմ իր մոտեցմանը՝ նախագահ Սարգսյանը հանձնարարեց իր աշխատակազմին ավելի խորն ուսումնասիրել տվյալ հարցի վերաբերյալ միջազգային փորձը, ինչպես նաև ներկայացված Օրենքի փոփոխությունները՝ իրենց հիմնավորմամբ: Օրենքի փոփոխությունների, ինչպես նաև «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի գործող խմբագրության վերաբերյալ իրականացված ուսումնասիրությունները վկայում են որոշակի առերևույթ սահմանադրա­իրավական խնդիրների մասին», ասված է նախագահի նստավայրի տարածած հաղորդագրության մեջ:
Արմեն Սարգսյանը օրենքը ուղարկել է Սահմանադրական դատարան:

Եթե Արմեն Սարգսյանը միայն չստորագրեր օրենքը, եւ չուղարկեր ՍԴ, ապա այն հետ էր գնալու ԱԺ եւ տեսականում հնարավոր էր, որ ԱԺ նախագահը օգտվեր Սահմանադրությամբ իրեն տրված լիազորությունից եւ ստորագրեր օրենքը, այդպիսով տալով վարչապետի հրաժարականի միջոցով ԱԺ լուծարման գործընթացը սաբոտաժի ենթարկելու հնարավորություն: Այլ հարց է, կգնա՞ր որեւէ մեկը այդ քայլին՝ հոկտեմբերի 2-ից հետո, թե ոչ, բայց նախագահ Սարգսյանը փաստացի որոշեց չթողնել անգամ տեսական այդ վտանգի հնարավորությունը եւ դիմեց ՍԴ:

Դա պահանջում է որոշակի ընթացակարգ, ինչն էլ կապահովի երկշաբաթյա ժամկետի անցկացումը:

Գործնականում կասկած չկար, որ Հայաստանում «չորրորդ հանրապետության» ձեւավորման կարեւորագույն մեսիջով նախագահի պաշտոնը ստանձնած Արմեն Սարգսյանը չի ստորագրելու վտանգահարույց օրենքը: Պակաս հատկանշական չէ այն, որ «չորրորդ հանրապետության» ձեւավորման մասին դեռեւս փետրվար-մարտին արտահայտած նրա խոսքերը դժգոհություն էին առաջացրել հենց ՀՀԿ-ում, քանի որ «չորրորդ հանրապետությունը» գործնականում իբրեւ հաջորդական իրավաբանական ձեւակերպում չէ, որ հնչեցվել էր, այլ առկա համակարգի հեռացման կենսական անհրաժեշտության մասին բանաձեւ:

ՀՀԿ-ն ինքն էլ ընտրեց իհարկե Արմեն Սարգսյանին, սակայն վստահ ու համոզված Սերժ Սարգսյանի անփոխարինելիության հարցում:

Գործնականում, Արմեն Սարգսյանը չստորագրելով աղմկոտ օրենքը, խոշոր հաշվով «ստորագրեց» նախկին կոռուպցիոն քրեա-օլիգարխիկ համակարգի կապիտուլյացիան եւ թերեւս հանեց «չորրորդ հանրապետության» ճանապարհի վերջին խոշոր քարերից մեկը:

Միաժամանակ այդ հանգամանքը խորհրդանշական է մեկ այլ առումով: Արմեն Սարգսյանը դա անում է գտնվելով Եվրոպայում, որտեղ մասնակցում է ներդրումային համաժողովի, հանդիպում է ունեցել սինգապուրյան խոշորագույն Vertex Venture Holdings վենչուրային ընկերության, շվեյցարական Swiss Sustainable Finance, գերմանական հանրահայտ Siemens ընկերությունների խմբի մեջ մտնող Siemens Financial Services կազմակերպության ղեկավարության հետ:

Խնդիրն այն է, որ «չորրորդ հանրապետության» ձեւավորումն ունի անկասկած երկու առանցքային բաղադրիչ՝ քաղաքական եւ տնտեսական: Պետական կառավարման համակարգին սերտաճած նախկին բուրգի ապամոնտաժումը պահանջում է քաղաքական բաղադրիչ, որ արդեն մի քանի ամիս հաջողությամբ իրականացվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Մյուս կողմից, իրավիճակը պահանջում է նաեւ զուգահեռ նոր իրողությունների ձեւավորում, որտեղ առանցքային է տնտեսական բաղադրիչը: Քաղաքականապես նախկին համակարգը ապամոնտաժված է, սակայն այն ունի տնտեսական ահռելի ներկայություն, ինչը հնարավոր չէ եւ արդյունավետ չէ անընդհատ կառավարել ուժային վերահսկողությամբ եւ դրա միջոցով պահել որոշակի խաղի կանոնների դաշտում:

Դա ժամանակավոր էֆեկտիվություն ունի, սակայն երկարաժամկետ առումով անհրաժեշտ է ներգրավել եւ ձեւավորել տնտեսական նոր հնարավորություններ, բազմազանեցնել դաշտը եւ այդպիսով էապես նվազեցնել դրանում նախորդ համակարգին պատկանող կապիտալի տեսակարար կշիռը, ըստ այդմ հենց այդպես՝ այսինքն խաղի «շուկայական» ազատ մրցակցության կոնոններով բերել այդ սեգմենտը բիզնես նոր մտածողության եւ մշակույթի դաշտ, երբ արդեն ընդհանուր մրցակցային բիզնես միջավայրը կապահովի խաղի նոր որակ ու կանոններ եւ չի լինի իրավապահ համակարգի միջոցով անմիջական վերահսկողության անհրաժեշտություն:

Այդ իմաստով հատկանշական է նախագահ Սարգսյանի աշխատանքը տնտեսական էֆեկտի ուղղությամբ, որը ներդաշնակ համադրվում է քաղաքական էֆեկտի ուղղությամբ վարչապետ Փաշինյանի աշխատանքին: Մինչ այդ, Փաշինյանն ու Սարգսյանը զուգահեռաբար աշխատել էին հայաստանյան ներքին զարգացումների արտաքին-անվտանգային միջավայրը կայունացնելու ուղղությամբ, ինչը նույնպես նրանց մոտ ստացվեց բավական արդյունավետ: