Գազի սակագների հարցով կառավարությունում աշխատանքային խմբի ստեղծումը կապված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ իմ ձեռք բերված պայմանավորվածությունների հետ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ԱԺ-ում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ հարցուպատասխանի ընթացքում նշեց Նիկոլ Փաշինյանը:

Նա ասաց, որ երբ ինքը Պուտինին ասել է, որ գազը ՌԴ-ից ստացվում է մի գնով եւ երկրի տարածքում վաճառվում է կրկնակի թանկ, նա զարմացել է. «Նա հիշեց իր Գյումրի այցելությունը: Ասաց, որ մարդկանց հագուկապից հասկացել է, որ մարդկանց վիճակն այնքան էլ լավ չի եւ անձամբ հրահանգել է, որ բնակչության համար գազի գինը լինի տրամաբանական: Հիմա մենք պայմանավորվել ենք, որ հասկանանք, թե ինչ է կատարվում այդ ոլորտում եւ փաստարկների դաշտում գանք կոնկրետ լուծումների»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ ուրախ կլինի, եթե ԱԺ-ում ստեղծված հանձնաժողովն էլ կարողանա փաստեր արձանագրել, որոնք հետագայում հնարավոր կլինի քննարկել ռուս գործընկերների հետ: