Նոյեմբերի 11-ին նախատեսվող Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակին նվիրված միջոցառումները պետք է նաեւ պատճառ դառնան 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կամ հիշելու համար: Շվեյցարիայի հեռուստառադիոընկերությանը (RTS) տված հարցազրույցում այս մասին ասել է Հայատանի նախագահ Արմեն Սարգսյանը:

«Ես չգիտեմ ինչպես կարելի է խոսել Առաջին համաշխարհային պատերազմի մասին, առանց անդրադառնալու 105 տարի առաջ տեղի ունեցած ողբերգությանը եւ առանց Ցեղասպանությունը հիշատակելու: Պետությունների ղեկավարների կողմից այս փաստի ճանաչումը կամ կոչը բարձր կգնահատվի իմ, Հայաստանի եւ ողջ հայ ժողովրդի կողմից», - ասել է Արմեն Սարգսյանը:


Նրա խոսքով, Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ միայն մեկ ժողովրդին վերաբերող ողբերգության ճանաչում է: Սա առաջին հերթին 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է: Քանի որ այն չկանխվեց, չճանաչվեց եւ չդատապարտվեց, հետագայում 20-րդ դարում ցեղասպանությունները կրկնվեցին, ասել է Սարգսյանը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուղերձի մասին հարցին, Սարգսյանը նշել է, որ պատրաստ է երկխոսությանը:

«Ես նախ և առաջ կասեի Էրդողանին. «Բարի լույս, պարոն նախագահ: Կարծում եմ՝ մենք միասին քննարկելու հարց ունենք: Դու Թուրքիայի նախագահն ես, իսկ ես՝ Հայաստանի: Իմ ընտանիքը, իմ նախնիները Էրզրումից, Վանից ու Բիթլիսից են: Իմ հին ընտանիքը պատմություն ունի: Ինչո՞ւ չխոսենք Թուրքիայի ու Հայաստանի միջև հարաբերությունների մասին, ինչո՞ւ չխոսենք մեր անձնական պատմությունների մասին: Մենք պետք է խոսենք ոչ միայն պատմության, այլև ապագայի մասին՝ քո ու իմ երեխաների, թոռների ապագայի, մեր երկու ժողովուրդների մասին»: Ես քրիստոնյա եմ: Քրիստոնեությունը սովորեցնում է, որ միշտ կա ներելու հնարավորություն, սակայն ներողամտությունը կարող է միայն ճանաչմանը հաջորդել»,-ասել է նախագահ Սարգսյանը: