Չեմ կիսում տեսակետը, թե Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը հրապարակ նետված մի պատահական փաստաթուղթ է, որին կողմերը հնարավորություն չեն ունեցել ծանոթանալ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծիք ննարկամն ժամանակ նշեց հիմնական զեկուցող «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

Նա նկատեց, որ նախագծով առաջարկվում է վերացնել ռեյտինգային ընտրակարգը, թեեւ դա այնքան էլ վատ բան չէ.


«Ռեյտինգային ընտրակարգը վատ բան չէ, որովհետեւ հնարավոր է, որ ժողովրդի մի մասը առանձին քաղաքացիներ ընդունեն քո անձը, քեզ ցանկանան տեսնել ԱԺ-ում որպես օրենսդիր, բայց չհամակրեն այն քաղաքական ուժին, որի կազմում դու հավակնես համալրել օրենսդիրների շարքը: Բայց քանի որ մեր երկրում, ցավոք, փորձը ցույց տվեց, որ ռեյտինգային ընտրակարգը վեր է ածվում ոչ թե քաղաքական ընտրապայքարի, այլ անձնական հարաբերությունների ճշտման ոլորտի, թաղային հեղինակությունների, նաեւ շարքային խուժանի պայքարի: Եթե մեկը կարող է իրեն թույլ տակ մրցակից թեկնածուի պաստառը պոկել, տակը գրառումներ անել, սա փողոցային խուժանություն է:

Հայաստանում դեռ չի հասունացել ռեյտինգային ընտրակարգով շարժվելու մշակույթը, ուստի անսալով բազմաթիվ քաղաքական ուժերի, այդ թվում ԲՀԿ-ի առաջարկին, ռեյտինգայինը ընդհանրապես դուրս է մղվել եւ սահմանվում է պարզ համամասնական ընտրակարգ»,-ասաց նա:

Գեւորգ Պետրոսյանի խոսքով, նոր նախագծում փոփոխությաններ կան նաեւ նվազագույն շեմը նվազեցնելու, ընտրագրավը փոքրացնելու, ԱԺ անցնող նվազագույն ուժերի թիվը մեկով ավելացնելու առումով: «Նոր նախագծով առաջարկվում է, որ նվազագույնը պետք է 4 քաղաքական ուժ լինի խորհրդարանում, սակայն 4-րդ ուժը պետք է ստանա նվազագույնը 2 տոկոս: Այսինքն չպետք է այդ պահանջը բավարարել բավարար վարկանիշ չունեցող քաղաքական ուժերին ԱԺ խցկելու միջոցով:

Մեկ այլ փոփոխություն է այն, որ ԱԺ անցնելու նվազագույն շեմը կուսակցությունների համար 5 տոկոսից դարձել է 4, իսկ դաշինքների համար 7 տոկոսից դարձել է 6»,-ասաց նա:

Գեւորգ Պետրոսյանը նկատեց, որ հիմա շրջանառվում է հարց՝ անպայման դեկտեմբերին ընտրությունների գնալ բարեփոխված օրենսգրքով, թե՞ գնալ գործող օրենսգրքով. «ԲՀԿ-ն կողմ է, որ ընտրությունները լինեն փոփոխված օրենսգրքով»,-ասաց նա: