ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովն այսօր՝ հոկտեմբերի 26-ի իր նիստում, ըստ էության, երկրորդ անգամ հավանությունը տվեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթին:

Նիստի ընթացքում Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ իրենք առաջարկում են նախագծից հանել դրույթը, որով գաղտնազերծվում է այն ընտրական տեղամասերի համարներն ու գտնվելու վայրերը, որտեղ քվեարկում են զորամասերում կազմվող ընտրողների ցուցակներում ընդգրկված ընտրողները: «Ունենք հիմնավոր մտավախություն, որ այս տեղեկատվությունը գաղտնազերծելով հնարավոր է լինելու պետական գաղտնիք բացահայտել»,-ասաց նա:


Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն էլ նշեց, որ դա լրազոր մարմնի, տվյալ դեպքում ՊՆ-ի պնդումն է, որ այդ դրույթով հնարավորություն է ստեղծվում բացահայտել զորամասում զինծառայողների թիվը:

Հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը նկատեց, որ այդ դրույթը անպայման չի ենթադրում, որ դրանով զորամասում ծառայողների թիվ ես հրապարակում, քանի որ կարող է զինծառայողների մի մասը այլ տեղամասերում էլ են քվեարկել: Այդուհանդերձ, առաջարկն ընդունվեց միաձայն:

Հիշեցնենք, որ մեկ անգամ արդեն հանձնաժողովը դրական եզրակացություն էր տվել այս օրինագծին, սակայն ԱԺ լիագումար նիստում օրինագիծը չէր ընդունվել: Մասնավորապես, ՀՀԿ խմբակցությունը հայտարարել էր, որ դեմ է ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծին եւ չէր մասնակցել քվեարկությանը:

Օրինագծերի փաթեթը ստացել էր 56 կողմ ձայն, սակայն ընդունվելու համար անհրաժեշտ էր պատգամավորների թվի 3/5-ի ձայները (63):

Դրանից հետո «Ծառուկյան» եւ «Ելք» խմբակցությունները ստորագրահավաք էին նախաձեռնել օրինագիծը եւս մեկ անգամ օրակարգում ընդգրկելու հարցով: Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը կքննարկվի հոկտեմբերի 29-ին կայանալիք ԱԺ արտահերթ նիստում:

Եթե այս անգամ էլ փաթեթը չընդունվի, ապա դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրությունները կկազմակերպվեն գործող Ընտրական օրենսգրքով: