Քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում իր ելույթի ժամանակ չնշեց հանցագործությունների մեջ կասկածվող պատգամավորների անունները, չի կարելի որեւէ անհիմն հայտարարություն անել: Այս մաին հոկտեմբերի 26-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Նրա խոսքով, նա տեղեկացված չէ հետաքննության ընթացքի մասին: «Այո, դուք ճիշտ նկատեցիք, որ մի կողմից, մենք հայտարարում էինք, որ չենք միջամտում դատական գործընթացներին, քննության գործընթացին, բայց վարչապետի պաշտոնակատարը շատ լավ գիտեր, թե ինչ փուլում է գործընթացը, ինչ է կատարվում, ինչն է այսօր խոչընդոտում, որ հարցը մտնի օրակարգ: Ես իսկապես չեմ կարող ասել, թե ում մասին է խոսքը», - պարզաբանեց Ռուստամյանը:

Միեւնույն ժամանակ, նա ընդգծեց, որ որեւէ պատգամավոր չպետք է մտածի, որ եթե նա մանդատ ունի եւ անձեռնմխելի է, ապա նրան ամեն ինչ թույլատրելի է, եւ նա կարող է որեւէ անօրինական գործունեություն իրականացնել:

Ռուստամյանը նաեւ նշեց, որ չի ցանկանա որեւէ վարկած ներկայացնել այս հարցով, քանի որ, դա նրա կարծիքով, չափազանց անշնորհակալ գործ է: Խմբակցության ղեկավարը կտրականապես հերքեց այն հնարավորությունը, որ այդ պատգամավորը կարող է լինել ՀՅԴ-ից:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին Ազգային ժողովի նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ առաջիկայում հանրությունը կիմանա երրորդ հանրապետության պատմության մեջ ամենախոշոր կոռուպցիոն բացահայտման մասին: Միեւնույն ժամանակ, նա նշել էր, որ խոսքը կոնկրետ պատգամավորի մասին է, սակայն հրաժարվել է նշել նրա անունը: