Գազի գնման Հայաստան-Ռուսաստան համաձայնագրով արձանագրված է, որ այնպես պետք է լինի, որ «Գազպրոմի» շրջանառության ծավալը ապահովվի, ինչն անթույլատրելի է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, Գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների հարցով ԱԺ Քննիչ հանձնաժողովի 2-րդ նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը:

«Այսինքն եթե դու ուզում ես այլընտրանքային էներգետիկա զարգացնել, ինչ-որ մի սահման է գալիս, որ ինքն ասում է՝ չէ, դու չես կարող իմ ծավալները կրճատես: Նախկինում վարվող քաղաքականությունը եւ ՌԴ-ի հետ կնքված պայմանագիրը եւ համաձայնագրերը լրջագույնս խնդիրներ են առաջացրել, որոնք պետք է վերանայենք»,-ասաց նա:


Նրա խոսքով, գազի սակագնի ամեռնածանր բեռը դրված է բնակչության վրա, իսկ ձեռնարկություններին ավելի ցածր սակագնով ենք գազ վաճառում:

«Հաջորդ կարեւոր գործոնը գազի սպառման ծավալն է. եթե ԽՍՀՄ տարիներին այդ ծավալը եղել է 87 մլրդ խմ, այսօր 2 մլրդ խմ է: Եթե այդ ծավալը կրկնակի ավելացնենք, կարող ենք սակագնի նվազեցման խնդիր քննարկել:

Էլեկտրաէներգիայի սակագնի մեջ աշխատավարձի ծախսերը կազմում են 3,4 դրամ մեկ խմ սակագնի մեջ: Նյութական եւ նորոգման ծախսերը կազմում են 0,78 դրամ, շահագործման ու պահպանման ծախսերը՝ 0,6 դրամ, անհուսալի դեբիտորներ՝ 0,3 դրամ, շահույթը՝ մոտ 3 դրամ»,-ընդգծեց հանձնաժողովի նախագահը՝ հավելելով, որ հենց այդ ծախսերի մեջ պետք է փորձեն նվազեցումներ անել: