19 տարի առաջ` հոկտեմբերի 27-ին, ոճրագործների խումբը` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ներխուժեցին Հայաստանի Ազգային ժողովի նիստերի դահլիճ եւ դիմահար կրակոցներով սպանեցին կառավարության եւ խորհրդարանի անդամներին:

Ահաբեկչության զոհ դարձան երկրի վարչապետ, Սպարապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի նախագահ Կարեն Դեմիրճյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, խորհրդարանի պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ Միքայել Քոթանյանը:


Ահաբեկիչների նկատմամբ դատավարությունը տեւեց 2001-2003 թվականները: 6 ահաբեկիչները, այդ թվում` նրանց ղեկավար Նաիրի Հունանյանը, նրա եղբայր Կարեն Հունանյանը, նրա քեռին՝ Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը եւ Աշոտ Կնյազյանը դատապարտվեցին ցմահ ազատազրկման: Համլետ Ստեփանյանը դատապարտվեց 14 տարվա ազատազրկման:

Ցմահ դատապարտվածներից ողջ են Նաիրի եւ Կարեն Հունանյանները, Դերենիկ Բեջանյանը, Աշոտ Կնյազյանը: Վռամ Գալստյանն ըստ պաշտոնական վարկածի՝ 2004 թ-ի ապրիլի 27-ին ինքնասպան է եղել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մենախցում:

Գործով 14 տարվա ազատազրկման դատապարտված Համլետ Ստեփանյանը մահացել է 2010թ-ի մայիսին՝ սրտի կաթվածից:

Գործով մեղադրյալներից Նորայր Եղիազարյանը մահացել է նախքան դատավճռի հրապարակումը՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի իր խցում էլեկտրահարվելու հետեւանքով:

Էդուարդ Գրիգորյանը մահացել է 2017 թվականի նոյեմբերի 3-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում:

3 տարի տեւած դատավարությունն այդպես էլ չկարողացավ կամ չցանկացավ վեր հանել ահաբեկչության կազմակերպիչներին եւ մինչ օրս էլ հասարակությունը լուրջ կասկածներ ունի կազմակերպիչների մասով: