Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ համաներման հարցին:

«Ցմահ ազատազրկվածների հետ կապված, ես կարծում եմ որ մարդ ապանելու համար դատապարտված որևէ անձ չպետք է համաներման ենթարկվի, բայց ես կարծում եմ, որ մենք պետք է աշխատեցնենք պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու,  պատժաչափերը փոխելու, ներման մեխանիզմները: Համաներման վատն այն է, որ անհատական մոտեցում չի ցուցաբերում, բայց հարցը պետք է անհատապես լուծել: Մենք կաշխատենք, որ գործերը հատ-հատ նայվեն նորից, անհատական մոտեցում պետք է ցուցաբերել»,- ասաց նա:

Ընդհանրապես մարդ սպանելու համար դատապարտվածների հարցին անդրադառնալով, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իր կարծիքով մարդ սպանած որևէ անձ չպետք է համաներման ենթարկի: «Ո՞նց եք պատկերացնում, որ մարդ սպանած մարդը երեք ամիս կամ մեկ տարի նստի, հետո դուրս գա: Ինձ համար այդպիսի բանաձև ուղղակի գոյություն չի ունենա»,- ասաց նա:

Հարցին, թե արդյոք վատ նախադեպ չէ, որ զինված հարձակումների մեջ ներգրավված անձինք, օրինակ «Սասնա ծռերը» ևս համաներվում են, Փաշինյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ ՀՀ-ում բռնությունը՝ որպես գործիք, պետք է բացառվի: Եվ ես ուզում եմ ասել, որ իմ դիրքորոշումը շատ հստակ լինի՝ բռնության գործադրումը քաղաքականության մեջ արժանանալու է ամենակոշտ հակազդեցության: Քանի ես վարչապետ եմ, բռնության  գործադրման որևէ փորձ քաղաքական պրոցեսների մեջ արժանանալու է շատ ավելի կոշտ հակազդեցության, քան որևէ մեկը կպատկերացնի, իհարկե, օրինական, կոշտ»: