ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Նարեկ Վանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որտեղ հայտնում է, որ այսօր աշխատանքից ազատման դիմում է ներկայացնելու առողջապահության նախարարին:

Նա, մասնավորապես, գրել է.

«Քիչ առաջ հանդիպել եմ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ անձնակազմի հետ խոսել վերջին մի քանի իրադարձություններից։ Հիմք ընդունելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը, որ իմ կողմից գլխավորած բժշկական հաստատությունում իբր առանց համաձայնության պացիենտ է պահվում (սկզբունքորեն անհամաձայնություն է հայտնում ողջ բժշկական անձնակազմը) և դրանից հետո իմ և պաշտպանի գրասենյակի աշխատակցի միջև խոսակցությունը, որի ձայնագրությունը նույնպես կա և հրապարակված տեղեկատվությունը հեռու է իրականությունից, անհամադրելի եմ համարում իմ՝ որպես «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ տնօրեն պաշտոնավարումը, և այսօր հրաժարականի դիմում եմ ներկայացնելու ՀՀ առողջապահության նախարարին»:

Ավելի վաղ  հայտնել էինք, որ հոկտեմբերի 24–ին, միջադեպ է եղել Երևանի պետական բժշկական համալսարանում: Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Վանեսյանը բժշկական համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ու «Բուժհաստատությունների կառավարում» կրթական ծրագրի շրջանավարտների հետ հանդիպման ընթացքում անհավասարակշիռ պահված է ցուցաբերել՝ հարուցելով ներկաների զայրույթը: