Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցով ԱԺ արտահերթ նիստին մասնակցելու նպատակով ԱԺ գնացած «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը պնդում է՝ իրենցից կախված ամեն ինչ անելու են, որ ԸՕ փոփություններն ընդունվեն։

Այսօր հոկտեմբերի 29–ին, լրագրողների հետ զրույցում նա ասաց. «Մեզանից ինչ կախված է, մենք պատրաստ ենք անել։


Մեր ամբողջ թիմը այստեղ է։ Դրսից էլ ա մարդ եկել, որ կնոջը թողել ա դրսում, որ բոլորը տեսնեն, հանրությունն էլ, ժողովուրդն էլ տեսնի, որ ուրիշի սարքածը մեր վրա չի ազդում։ Մեզանից ինչ կախված է, մենք պատրաստ ենք, մեր 31 պատգամավորներով այստեղ ենք, կատարելու ենք մեր պարտքը, մեր խոստումը, իսկ մնացածը ինչ կմտածի, գնացեք իրենց հարցեք»։

Նշենք, որ Ազգային ժողովում այսօր՝ հոկտեմբերի 29-ին, մեկնարկել է արտահերթ նիստը, որի օրակարգում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների եւ հարակից օրինագծերի փաթեթն է: Գրանցվել է 58 պատգամավոր: Որոշվել է, որ առաջին ընթերցմամբ նախագիծը կքննարկվի մինչեւ 3 ժամում:

Հիշեցնենք, որ ուղիղ մեկ շաբաթ առաջ այս փաթեթի ընդունումը ԱԺ արտահերթ նիստում տապալվել էր, քանի որ ՀՀԿ-ն դեմ էր արտահայտվել նախագծին եւ չէր մասնակցել քվեարկությանը: Արդյունքում նախագծին կողմ էր քվեարկել 56 պատգամավոր, մինչդեռ անհրաժեշտ էր 63 կողմ ձայն: Նկատենք, որ ՀՀԿ-ականները պնդում են, որ առանց իրենց խմբակցության անդամների եւս հնարավոր է հավաքել 63 կողմ ձայն: