Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին ՀՀԿ-ն չէր մասնակցում, սակայն դա չխանգարեց, որ քարոզարշավը տեղի ունենա «սպիտակների» ու «սևերի» հակադրության համատեքստում։ ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսման սկանդալը դարձավ մունիցիպալ այդ ընտրությունների «գաղափարականացման» հիմնական առիթը։ Ընտրությունների պատկերը բոլորին է հայտնի։

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները բովանդակային առումով ավելի հետաքրքիր ու ծրագրային չեն լինելու, մանավանդ որ քաղաքական բովանդակություն կամ ծրագիր որևէ կուսակցության կամ դաշինքի կողմից չենք տեսնում։ Նման վիճակն օբյեկտիվորեն բերել է նրան, որ պայքարը տեղի է ունենալու «սպիտակների» ու «սևերի» հակադրության համատեքստում, եթե նույնիսկ Նիկոլ Փաշինյանը կամ նրա թիմը հեղափոխական շեշտված հռետորաբանությամբ հանդես չգան։

Կառավարության թիմը ռացիոնալ ծրագիր չունի և օբյեկտիվորեն հասարակությանը չի կարող կոնսոլիդացնել պոզիտիվ ծրագրերի շուրջը։ «Իմ քայլը» դաշինքը քաղաքական առումով պարապուրդի մեջ է և հույսը դրել է բացառապես Նիկոլ Փաշինյանի բարձր վարկանիշի ու «սևերին» հաղթելու մարտավարության վրա։

Ամբողջ խնդիրն այն է, թե առաջիկա քարոզարշավում ով կամ ովքեր են կատարելու «սևի» կամ հակահեղափոխության խորհրդանիշի դերը։

ՀՀԿ-ի մասնակցությունն ընտրություններին օբյեկտիվորեն «տաք» է պահելու հակահեղափոխության թեման, ինչը նպաստելու է, որ հասարակության մեծամասնությունը չհետաքրքրվի որևէ քաղաքական ծրագրով ու կոնսոլիդացվի վարչապետի ու նրա թիմի շուրջը։ Ի դեպ, նման կոնֆիգուրացիան բնականորեն ձեռնտու է միայն Նիկոլ Փաշինյանի դաշինքին ու հենց ՀՀԿ-ին, որովհետև ընտրությունների գործընթացի փաստացի առանցքներ է դարձնում հենց այս երկու ուժերին։ Նման պատկերը թույլ կտա, որպեսզի Փաշինյանի թիմը կրկնի գրեթե այն պատկերը, ինչն առկա էր Երևանի ընտրությունների ժամանակ, իսկ ՀՀԿ-ն կարող է իր շուրջը կոնսոլիդացնել հեղափոխությունից դժգոհ սեգմենտներին ու, ի վերջո, հայտնվել նոր խորհրդարանում՝ չորրորդ քաղաքական ուժի կարգավիճակում, եթե, իհարկե, խորհրդարանն այսօր ընդունի ԸՕ փոփոխությունները։

Նման կոնֆիգուրացիան ստվերում է թողնելու ընտրական գործընթացի հարաբերական մյուս ֆավորիտներին՝ ԲՀԿ-ին ու «Լույս» դաշինքին, որոնք, մեղմ ասած, քաղաքական ինքնաբավության խնդիր ունեն ու խորհրդարանում ներկայացված կլինեն լավագույն դեպքում ոչ թե այլընտրանքի կարգավիճակում, այլ իներցիայի ուժով։

Սակայն, ինչքան էլ պարադոքսալ հնչի, այս վիճակը մասնավորապես ԲՀԿ-ին ավելի ձեռնտու է, քան ՀՀԿ-ի չմասնակցությունը։ Եթե ընտրական գործընթացում չլինի ներկայացված հակահեղափոխությունը ուղղակիորեն, ապա «սև»-ի դերում ակամայից կրող է հայտնվել մասնավորապես ԲՀԿ-ն։ Այս կուսակցությունում համոզված պնդում են, որ Գագիկ Ծառուկյանն է ղեկավարելու նախընտրական ցուցակը, և եթե ՀՀԿ-ն չմասնակցի ընտրություններին, ապա հենց Ծառուկյանն է լինելու հեղափոխության ավարտական հանգրվանի հակաօլիգարխիկ օրակարգի հիմնական թիրախը։ Սա ակնհայտ է անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հրապարակային ելույթների մի քանի ակնարկներից, որոնք հանգում են նրան, որ գործարարներն ապագա խորհրդարանում անելիք չունեն։

Նման կոնֆիգուրացիան կարող է էապես օգտակար լինել «Լույս» դաշինքի համար, որը կարող է ոչ միայն հավակնել երկրորդ տեղին, այլ նաև ներկայանալ գործող կառավարության այլընտրանքի կարգավիճակում։ Իհարկե, դա ինքնաբերաբար կամ մեխանիկական լինել չի կարող։ Երևանի ավագանու ընտրություններից հետո «Լույս» դաշինքը գործնականում ոչինչ չի արել իր քաղաքական ինքնաբավությունը, քաղաքական այլընտրանքի կարգավիճակն ամրագրելու համար։ «Լույս» դաշինքը կարող է դառնալ արևմտյան կողմնորոշում ունեցող քաղաքական կոնսոլիդացիայի առանցք, սակայն առայժմ ավելի շատ ասոցացվում է հեղափոխության հարթակից դուրս մնացածի կարգավիճակում։

Սակայն եթե անգամ ընտրական գործընթացի որևէ ուժ ուղղակիորեն չասոցացվի «սև»-ի կամ հակահեղափոխության հետ, իշխանությունը կարող է գտնել թեմաներ, որոնք ամբողջովին կզբաղեցնեն քարոզարշավի օրակարգը՝ հասարակությանը կանգնեցնելով պարզունակ երկընտրանքի առաջ։ Օրինակ՝ ԱԱԾ-ն կարող է բացահայտել Ռոբերտ Քոչարյանի ապօրինի հարստությունը կամ պատգամավորի աննախադեպ կաշառքի պատմությունը, կամ՝ քարոզարշավը ժամականակագրորեն կարող է համընկնել Վճռաբեկ դատարանում Ռոբերտ Քոչարյանի գործի քննության հետ։ Նման բոլոր դրվագները Քոչարյանին կամ նախկին համակարգի որևէ նշանային ֆիգուրի անմիջապես կդարձնեն ընտրական գործընթացի հակահերոս՝ հասարակության ճնշող մեծամասնությանը կոնսոլիդացնելով Նիկոլ Փաշինյանի ու նրա ցուցակի շուրջը։ Համենայնդեպս՝ տեսանելի չէ, որ ընտրական գործընթացի սուբյեկտներից որևէ մեկը կարող է առաջարկել քաղաքական այլ օրակարգ կամ բովանդակություն։

Այս հարթության վրա խորհրդարանական առաջիկա ընտրությունները բովանդակության կամ արդյունքի առումով խիստ կանխատեսելի են։ Դրանք կնպաստեն, որպեսզի երկրում հաղթահարվի սահմանադրական ճգնաժամը, սակայն չեն լուծի քաղաքական ճգնաժամի հարցը, որն ավելի կխորանա, երբ ժամանակի ընթացքում Նիկոլ Փաշինյանի վարկանիշն օբյեկտիվորեն անկում ապրի՝ հանգեցնելով նույնիսկ պետական ինստիտուտների, այդ թվում՝ խորհրդարանի ապալեգիտիմացմանը։

Այս առումով կարող ենք նույնիսկ պնդել կամ կանխատեսել, որ հաջորդ խորհրդարանն ըստ էության անցումային է լինելու, այլ խոսքով՝ չի բացառվում, որ խորհրդարանական հաջորդ ընտրությունները նույնպես արտահերթ լինեն։

 Նյութի աղբյուրը՝ 1in.am