Ընդհանրապես, ամեն ինչի մասին պետք է արդյունքներով դատել. ես առայժմ չեմ տեսնում ռեալ, այսպես ասած՝ նյութական արդյունքներ: Սյս մասին «Ленте.ру»-ի հետ հարցազրույցում ասել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ ի պատասխան այն հարցին, թե արդյոք նոր իշխանության մոտ ստացվե՞լ է արտաքին քաղաքականության կառավարման ղեկը վերցնելը:

Քոչարյանի խոսքով՝ մի բան է, թե մարդն ինչ է ասում, այլ բան, թե արդյունքում ինչ է ստացվում. «Եվրամիության հետ հարաբերությունների հայտարարվող «նոր մակարդակը» չի համալրվել զարգացման նոր ծրագրերով, ոչ մի նոր բան տեսանելի չէ նաեւ Հայաստանի ու ԱՄՆ-ի հարաբերություններում, նույնը կարելի է ասել Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին: Արդեն մշակված միջազգային պայմանագրա-իրավական բազան վերջին կես տարում չի ընդլայնվել, մեր տնտեսություն նոր ծավալուն ներդրումային հոսք նույնպես չկա: Հակառակը՝ նկատվում է ներդրումների որոշ արտահոսք: Որեւէ նոր տեղաշարժ չկա նաեւ ՌԴ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում: Կդատենք ըստ արդյունքների, այլ ոչ թե այս կամ այն քաղաքական գործիչի պատմությունների: Ես շատ կցանկանայի, որ այդ արդյունքները լինեին, դա Հայաստանի շահերի շրջանակում է: Բայց առայժմ տեսնում եմ միայն լավատեսական հայտարարություններ եւ ոչինչ ավելի…Դա են ցույց տալիս օբյեկտիվ փաստերը»:


Քոչարյանը նշել է, որ օրինակ՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում դա պետք է արտահայտվի Հայաստանում ներդրումների կոնկրետ մեծացմամբ. «Եթե դա չլինի, դե, հանրության լավատեսությունը կարելի է թեժ պահել տարբեր խոսակցություններով, դա դրական սպասման արդյունք կունենա որոշ ժամանակ: Իսկ հետո՞: Աշխատանքի արդյունքները պետք է նկատելի լինեն, պետք է մարդկանց կյանքի մակարդակի վրա դրական ազդեն»:

Պատասխանելով հարցին՝ նկատո՞ւմ է արդյոք, որ հայ-ռուսական հարաբերություններում սառնություն է դիտվում, Քոչարյանը նշել է, որ այս հարցում իր ընկալումը կարող է սուբյեկտիվ լինել, իսկ ինքը դա չի ցանկանում:

«Կարող եմ ասել, որ ըստ արդյունքների է պետք ռեալ գնահատական տալ՝ ապրանքաշրջանառության աճ, դրա մեջ հայկական մասնակցության [արտահանման] աճ, Հայաստանի եւ Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունների միջեւ ռազմա-տեխնիկական գործնական համագործակցության զարգացում, Հայաստանի պաշտպանունակության եւ հայկական բանակի մարտունակության բարձրացում, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտութայն կարգավորման հարցում Ռուսաստանի դիրքորոշման մեջ: Կան միանգամայն կոնկրետ չափանիշներ, ըստ որոնց եւ միայն ըստ դրանց է հարկ գնահատել, թե որքանով է ամեն ինչ լավ կամ վատ: Հայաստանի եւ Ռուսաստանի շահերը արմատներով են միահյուսված, եւ երկու երկրներում որեւէ մեկը (համենայնդեպս, սթափ դատող որեւէ մեկը) դրանք փչացնել չի ցանկանում: Կարծում եմ, որ երկու երկրներում էլ տրամադրված են առավելագույն ջանքեր ներդնել, որպեսզի շարունակեն դրանք զարգացնել բարեկամական, դաշնակցային հունում»,- նշել է Քոչարյանը: