Ոչ ոք չի ասում, որ ռեյտինգային համակարգը վատն էր, հետեւաբար, պետք է փոխվի: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ նշեց ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը:

Նրա խոսքով, բանն այն է, որ ռեյտինգային համակարգը իր գործն արդեն արել է. «Ռեյտինգային համակարգը կարող է իր դերակատարումն ունենալ ապագայում, բայց հիմա եթե ընտրական համակարգն ընտրվել է քաղաքական նկատառումներից ելնելով, երբ մենք մեխանիկորեն խթանում ենք կուսակցական համակարգը, ես կարծում եմ, որ սա շատ կարեւոր որոշում է»,-պարզաբանեց Կոստանյանը:


Նա նաեւ նշեց, որ հայկական քաղաքական իրականության մեջ կուսակցությունները կոնկրետ առաջնորդների համատեքստում էին քննարկման առարկա դառնում. «Այդպիսի խնդիր հիմա չկա: Այս համակարգը եւ այդ բարեփոխումները մեզ պետք են նրա համար, որ ամրապնդեն կուսակցական համակարգը»,-ընդգծեց նա:
Իր խոսքի վերջում Գեւորգ Կոստանյանն առաջարկեց կողմ քվեարկել օրինագծին:

Նշենք, որ մոտ անցյալում նույն Գեւորգ Կոստանյանը ԱԺ-ում ելույթ ունենալով որպես ՀՀԿ-ի հենասյուներից մեկը, համոզվել է Նիկոլ Փաշինյանի մտադրությունների անկեղծության մեջ եւ անցել նրա կողմը: Նշենք, որ Կոստանյանը կուսակցական չէ: