Հայաստանը քաղաքակրթությունների յուրահատուկ «դարպաս» է եւ խորհրդանշական է, որ «Նախագծելով էվոլյուցիան» միջազգային ֆորումը անցկացվում է հենց այստեղ՝ մեր երկրում։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ֆորումի բացմանը ելույթի ժամանակ ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Նախագահը հիշեցրել է, որ գիտնականների խոսքով՝ մարդը որպես այդպիսին հայտնվել է 60000 տարի առաջ՝ ինչ–որ աֆրիկյան շրջանում։


«Այդտեղից մարդիկ գնացել են Արեւելք եւ Արեւմւոտք, իսկ նրանց ճանապարհը անցնում էր մեր հայրենիքով։ Ոմանք անցնելով այս հողերով հեռացան Արեւմուտք՝ Եվրոպա, այնտեղից էլ ԱՄՆ։ Մյուները գնացին Արեւելք՝ Ռուսաստան, Չինաստան, Հնդկաստան: Հայերն էլ մնացին այստեղ, դարձան մարդկության «դարպասապահները»։ Խորհրդանշանական է, որ այսօր շատ երկրների ներկայացուցիչներ վերադարձել են դարպասներին՝ Հայաստան՝ այս ֆորումին մասնակցելու համար»,–նշեց ՀՀ նախագահը։

Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանը իր ելույթում մենախոսեց իր ապագա՝ 2.0 տարբերակի հետ։ Ապագայից Օրուջյանը պատմց նոր հնարավորությունների մասին, որոնք կհայտնվեն տեխնոլոգիաների զարգացման արդյունքում։

«Ես կարող եմ ինձ ներկայացնել Արմենին (Օրուջյանին) ոչ միայն 2.0, բայց նաեւ 3.0 տարբերակով, երբ նա ամբողջությամբ կդառնա թվային։ Եթե նրան հնարավոր լինի նկարագրել մաթեմատիկական լեզվով՝ կոդի ձեւով, ես կարող եմ նրան դարձնել փոքրիկ փայլ, որը կարող է ճանապարհորդել լույսի արագությամբ։ Ինչ–որ ժամանակ տիեզերքում ինչ–որ մի տեղ՝ համաստեղություններից մեկը կունենա համապատասխան տեխնոլոգիաներ, որ «ստանա» Արմենին, վերծանի եւ Արմենը կհայտնվի Անդրոմեդի համաստեղությունում՝ այնտեղ ներկայացնելով հայ ազգը»,–պատկերավոր ներկայացրեց նախագահ Արմեն Սարգսյանը։

Նա նաեւ նկատեց, որ մարդիկ միշտ մեծ ուշադրություն են դարձրել նրան, թե ինչ է կատարվում իրենց շուրջը։ Մարդկանց հետաքրքրել է, թե ինչպես է առաջացել տիեզերքը եւ նրանք բացահայտել են ձգողականության ուժը։ Հետաքրքրվել են փոքր մասիկներով եւ բացահայտել են քվանտային մեխանիկան ու քվանտային քիմիան։ Սակայն նախագահի համոզմամբ՝ մարդկանց ներսում էլ այդպիսի հսկա տիեզերք կա ինչպես եւ նրա շուրջը եւ այն այդքան բարդ ու հետաքրքիր է։

«Ես հավատում եմ, որ երբ մենք խոսում ենք էվոլյուցիան նախագծելու մասին, մենք նաեւ նկատի ունենենք ինքներս մեզ՝ մեր առողջությունը, մեր վարքը նախագծելու մասին։ Մենք սկսել ենք ապրել ավելի ու ավելի երկար՝ սկզբում մենք ապրում էինք 50 տարի, ապա 70 տարի, 100 տարի, վաղը կապրենք 150 տարի: Մենք սովորել ենք պայքարել ոչ միայն այնպիսի հիվանդությունների դեմ, ինչպիսիք քաղցկեղը եւ սրտի հիվանդություններն են, այլ նաեւ ծերացման դեմ: Վաղը մենք բոլորովին այլ հասարակություն կունենանք, եւ մեզ պետք կլինի ոչ թե մեր 2.0 տարբերակը, այլ նաեւ 2.3 տարբերակը տիեզերքը նվաճելու համար»:

Քանի որ Հայաստանը ապագայի դարպասն է, նախագահը հյուրերին կոչ է արել ներդրումներ կատարել մեր երկրում։ «Մենք խրախուսում ենք ներդրումներ կատարել մեր երկրում. երկիր, որը երիտասարդ է, որը հավակնոտ է, որի ժողովուրդը տաղանդավոր է, որն ունի երիտասարդ կառավարություն, եւ երկիր, որն իրեն զգում է 21-րդ դարում: Երիտասարդ է եւ հասուն: Երիտասարդ լինելը նախ եւ առաջ նշանակում է, թե որքան երիտասարդ ես քեզ զգում հոգով, արդյոք պատրաստ ես նոր բացահայտումների, պատրաստ ես սովորել, պատրաստ ես տալ հարցեր ու պատասխաններ գտնել: Արդյոք պատրաստ ես հետազոտությունների, էվոլյուցիոն արագացման»: