«ՀՀԿ դիրքորոշումը ոչ մի կապ չունի ՀՀԿ շահի հետ, խնդիրը բացառապես քաղաքական սկզբունքն է»,- խորհրդարանում լրագրողներին ասաց ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Ընտրական օրենսգիրքը չընդունելուն: «Եթե խորհրդարանական ուժերը ներառվեին Ընտրական օրենսգրքի բարեփոխումների մեջ պատշաճ ձևով, եթե Ընտրական օրենսգրքի բարեփոխումները չարվեին հապճեպ և չուղղորդվեին հիմնականում կառավարության կողմից ստեղծված հանձնաժողովում, եթե խորհրդարանական ընտրությունների ժամկետն այսքան շուտափույթ չտեղափոխվեր դեկտեմբեր, ապա շատ հնարավոր էր և շատ ցանկալի կլիներ, որ Ընտրական օրենսգքրի փոփոխությունները տեղի ունենային երկխոսության ձևաչափով և ամրապնդեին խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետը ապրիլ-մայիս ամիսներին: Բայց քանի որ գնացքը վաղուց գնացել է, որովհետև վարչապետը հրաժարական է տվել, մի անգամ չի ընտրվել, ես կարծում եմ, որ Հայաստանը կորցրեց հերթական փայլուն հնարավորություն՝ իշխանափոխությունից հետո կապիտալիզացնելու ժողովրդավարությունը Հայաստանում»,- ասաց Աշոտյանը:

Անդրադառնալով այն մեկնաբանություններին, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունը հենց ՀՀԿ շահերից է բխում, Աշոտյանն ասաց, որ շատ տարօրինակ է, որ վարչապետից սկսած բոլորը փորձում են ՀՀԿ-ին բացատրել ՀՀԿ շահը: «Եթե պարոն վարչապետն այդքան մտահոգված է ՀՀԿ շահով, քաղաքական ներկայությամբ, ապա չպետք է այս վեց ամիսների ընթացքում կազմակերպեր այն գործընթացը, որը պարզապես ՀՀԿ-ի համար ամեն շաբաթ ու ամեն ամիս լրացուցիչ հարվածներ հասցնելու քաղաքականություն է: Այս գործընթացին մենք դիմացանք, այո, կորուստներ ունեցանք, բայց քաղաքական կորիզը մնաց,տարածքային կառույցները, կուսակցության գաղափարական շարքերը չեն նոսրացել: Մեր ընտրական շահն ու ընտրական տեխնոլոգիաները կբացահայտվեն ընտրարշավների ընթացքում»,- հավելեց նա: «ՀՀԿ-ն կանցնի՞ խորհրդարան, փառք ու պատիվ մեզ ու մեր ընտրողներին: Չանցնի խորհրդարան, այդ դեպքում խորհրդարանական ուժերը պետք է իրենց վրա բեռ վերնցնեն՝ Հայաստանում միահեծան քաղաքականության վիժեցման հետ կապված: ՀՀԿ-ն իր անելիքները և նախընտրական, և հետընտրական ժամանակահատվածում պատեհ պահի կքննարկի: Մեր քաղաքական շահերը ամբողջությամբ համընկնում են ՀՀ քաղաքական շահերին: Մենք ուզում ենք ուժեղ պետություն, անվտանգ Հայաստան, ուզում ենք, որպեսզի մեր նոր կառավարությունը կատարի իր խոստումները, մենք ուզում ենք ինքներս փոխվել, ինքներս մեր սխալների վերլուծության աշխատանքն ավարտենք»,- ասաց նա:

Արմեն Աշոտյանն անդրադարձավ նաև ՀՀԿ շահերի մասին Ելքի անդամ Ալեն Սիմանյանի հայտարարությանը: «Ալեն Սիմոնյանը, վստահ եմ, ինքն իրենով չի անցնի, անցնելու է Նիկոլ Փաշինյանով: Ինչպես նաև Նիկոլ Փաշինյանով անցնելու է Պողոս Պողոսյանը, Աբել Աբելյանը, Մովսես Մովսիսյանը, Արմենուհի Արմենուհիյանը, կապ չունի ով: Նիկոլ Փաշինյանի զամբյուղի մեջ, Նիկոլ Փաշինյանի հովանոցի տակ կարող են անցնել բոլորը»,- նշեց նա: