ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Մոսկվայում հանդիպել է ՌԴ Պետդումայի «Եդինայա Ռոսիա» կուսակցության խմբակցության ղեկավարի հետ և քննարկել միջկուսակցական գործակցության հարցեր: Շարմազանովը և Նևերովը հայտնել են երկու կուսակցությունների հարաբերությունը զարգացնելու պատրաստակամություն: Մի քանի շաբաթ առաջ «Եդինայա Ռոսիա» իշխող կուսակցության պատվիրակությանը Հայաստան էր հրավիրել նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը և, բնականաբար, դարձյալ խոսքը համագործակցության մասին էր: Ընդ որում՝ ԲՀԿ հրավիրած եդինոռոսականները հայտարարել էին, որ առաջիկա խորհրդարանի արտահերթ ընտրությանը սատարելու են ԲՀԿ-ին: Մոսկվայում Շարմազանովի հետ հանդիպմանն իհարկե չի քննարկվել առաջիկա ընտրության հարցը, համենայնդեպս, որևէ մեկին սատարելու առումով, գոնե պաշտոնական հաղորդագրության մեջ չկա խոսք այդ մասին: Սակայն, մյուս կողմից էլ, որը կարող է լինել այդպիսի հանդիպման իմաստը, եթե ոչ քաղաքական աջակցությունը:

Եվ ուրեմն հարց է առաջանում՝ «Եդինայա Ռոսիա»-ի աջակցությունը փնտրող ՀՀԿ-ն, թե ԲՀԿ-ն է մնալու ձեռնունայն: Կամ էլ «Եդինայա Ռոսիա»-ն կաջակցի թե՛ ՀՀԿ-ին, թե՛ ԲՀԿ-ին: Հնարավոր է արտահերթ ընտրության գործընթացում օրվա առաջին կեսը ԲՀԿ-ին, երկրորդ կեսը՝ ՀՀԿ-ին: Եթե լուրջ, ապա բուն հարցն իհարկե այն է, թե ինչ է նշանակում աջակցել ՀՀԿ-ին կամ ԲՀԿ-ին: Թե ինչ էր դա նշանակում մինչև թավշյա հեղափոխություն, հասկանալի է: Դա նշանակում էր, որ ռուսական շրջանակների միջոցով փորձ էր արվում ազդել Հայաստանում այս կամ այն պրոցեսի վրա և դրանում պաշտպանել սեփական շահը: Մի՞թե որևէ մեկը կարծում է, որ նոր Հայաստանում հնարավոր է ընտրական պրոցես, որի վրա կարող է լինել որևէ արտաքին աջակցության ազդեցություն՝ լինի «Եդինայա Ռոսիա»-ից, Ռուսաստանի այլ ուժից, թե ընդհանրապես աշխարհի որևէ այլ երկրում որևէ կուսակցությունից:

Մյուս կողմից, սակայն, «Եդինայա Ռոսիա»-ի հետ այս շփումները վկայում են, որ հայաստանյան քաղաքական նախորդ համակարգի ուժերն ուղղակիորեն պատկերացումների և մտածողության առումով խնդիր ունեն նոր իրավիճակի և այդ իրավիճակում հանրային քաղաքականությամբ զբաղվելու հետ: Այլապես, «Եդինայա Ռոսիա»-ի հետ շփումների ռեսուրսներն ու ժամանակը նրանք կտրամադրեին Հայաստանի հասարակության հետ շփվելու և նրա աջակցությունը գտնելու համար: Թեև, գուցե նրանք գիտեն, որ դա ապարդյուն է, առավել ևս ՀՀԿ պարագայում, և մեխանիկորեն գնում են դեպի «Եդինայա Ռոսիա»: Թեև, իհարկե, դեռ պարզ չէ, թե նրանցից ո՞վ ավելի շատ ունի աջակցության կարիք՝ հաշվի առնելով այն գահավիժումը, որ ՌԴ հանրային տրամադրություններում արձանագրում է «Եդինայա Ռոսիա»-ն, որի նախագահ Պուտինն այսօր, թերևս, ավելի շատ մտածում է ոչ թե այն կանգնեցնելու մասին՝ դա անհնար է, այլ գոնե հարվածը գետնին հնարավորինս փափուկ, սահուն, այսպես ասած՝ թավշյա և անցավ դարձնելու:

 Նյութի աղբյուրը՝ 1in.am