Ներումը կամ համաներումը կարեւոր է եւ ներում ստացողների, եւ նորում շնորհողների համար. պետությունը տվյալ դեպքում գթասրտությամբ օժտելու պարտականությունն ու բեռը իր վրա վերցնում է նաեւ տուժողների անունից: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31–ին, խորհրդարանում Համաներման մասին նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, պետությունը պետք է կարողանա այդ բալանսավորումն իրականացնել, որը հնարավոր է նյութական վնասի փոխհատուցման հետ կապված որոշակի հստակ կանոնակարգեր նախատեսելով:


«Նյութական վնասի փոխհատուցումից հետո, այո, հնարավոր է ազատում: Մենք չպետք է մոռանանք, որ մենք ունենք երկու շահառու, կամ մեդալն ունի երկու կողմ»,-ասաց ԱԺ փոխնախագահը:

Նա ներկայացրեց, թե ինչ փոփոխություններ է կրել օրենքի նախագիծը ԱԺ պետաիրավական հանձնաժողովում քննարկումների արդյունքում: Մասնավորապես, ըստ Հովհաննիսյանի, նախնական տարբերակում օրենքը կարգավորում էր մինչեւ այս տարվա հոկտեմբերի 1-ը ներառյալ հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ հանցագործություն կատարած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու հետ կապված հարաբերությունները: Այս ժամկետը փոխվել է եւ հիմա դա տարածվելու է մինչեւ հոկտեմբերի 21-ը հանցագործության մեջ կասկածվողների ու մեղադրվողների վրա:

«Հաջորդը, նախնական տարբերակում նշված է եղել, որ պատժից ազատվում են մինչեւ երեք տարի ազատազրկման դատապարտված անձինք, հիմա այդ շեմը բարձրացվել է 4-ի»,-ընդգծեց Արփինե Հովհաննիսյանը:

Նա հայտարարեց, որ կողմ է քվեարկելու նախագծին. «Խավարին միշտ հաջորդում է լույսը, խավարը խավարով չի հաղթահարվում: Լույս պետք է լինի, որով կարողանանք հաղթահարել խավարը եւ վերականգնել հանրային համերաշխությունը»,- իր խոսքն ամփոփեց նա: