Կառավարությունն այսօր՝ նոյեմբերի 1-ին, հաստատեց «Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանելու, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» որոշման փոփոխությունը:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանի խոսքով՝ փոփոխության համաձայն, երրորդ եւ հաջորդ երեխաների ծննդյան համար տրվող ընտանեկան դրամագլխից օգտագործվող ամսական առավելագույն գումարը 25 հազ. դրամից բարձրացվում է 50 հազ. դրամ:


«Այսուհետ դրամագլուխը կարելի է տնօրինել երեխայի ծննդյան պահից սկսած՝ նախկինում երեխայի մեկ տարին լրացած լինելու փոխարեն: Որոշումը միտված է 3 եւ ավելի երեխաներ ունեցող ընտանիքների սոցիալական պաշտպանության մակարդակի բարձրացմանը»,-ասաց Թանդիլյանը:

Որոշումն ուժի մեջ է մտնելու նոյեմբերի 2-ից, եւ ընտանեկան դրամագլուխը նոր սահմանաչափով տնօրինելու իրավունք ունեն նաև այս պահին գործող հաշվետերերը: