Հրապարակ օրաթերթը գրում է, թե Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ականներին կանգնեցրել է փաստի առաջ, կապված Ընտրական նոր օրենսգրքի քվեարկության հետ: ՀՀԿ-ն տապալեց քվեարկությունը, սակայն ըստ թերթի տեղեկության, կանգնել է բավական բարդ իրավիճակի առաջ: Թերթը գրում է, որ Սերժ Սարգսյանը հայտնել է, թե ովքեր ցանկանում են տեղ ունենալ ցուցակում՝ հավանական անցողիկ տեղ, հաշվի առնելով ՀՀԿ անցնելու հնարավորության խիստ ցածր լինելը, պետք է առաջադրվեն նաեւ ռեյտինգային ընտրակարգով:

Իսկ ՀՀԿ քաղաքականները, ինչպես հայտնում է թերթը, այդ հարցում ունեն բարդություն, որովհետեւ ռեյտինգայինում, այսինքն տեղերում, նրանց փոխարեն գործնականում միշտ էլ առաջադրվել ու աշխատել են օդիոզ դեմքերը, ձայն հավաքելով նաեւ այսպես ասած քաղաքական դեմքերի համար:

Ռեյտինգային ընտրակարգով ընտրության պահպանումը հանրության շրջանում առաջացրել է բուռն քննարկում: Դրա մասնակիցներից շատերը համարում են, որ ռեյտինգայինը ՀՀԿ-ն պահպանեց, որպեսզի պահպանի տեղային, թաղային ռեսուրսով խորհրդարան անցնելու հնարավորություն:

Գործնականում սակայն իրավիճակը զգալիորեն այլ է, եւ ընտրակարգն այդ առումով չունի վճռորոշ նշանակություն: Վճռորոշ նշանակություն ունի իրավակարգը: Այդ իմաստով, ՀՀԿ օդիոզների եւ քաղաքականների հարաբերակցության խնդիրների մասին գրել եմ դեռեւս հոկտեմբերի 17-ին, երբ Ընտրական օրենսգիրքը չէր քննարկվել ու տապալվել խորհրդարանում: Ով է գնալու բանտ. Վահրամ Բաղդասարյանն անկեղծացել է հոդվածում անդրադարձել եմ ռեյտինգային ընտրակարգի դեպքում ՀՀԿ համար նոր քաղաքական իրողությունների պայմաններում առկա խնդրին:

Այդ իմաստով, իրավիճակը Հանրապետական կուսակցության համար իսկապես բարդ է, եւ Սերժ Սարգսյանն էլ քաղաքական իմաստով բավական դաժան է վարվում կուսակցության հետ, ըստ էության չտալով որեւէ միջնաժամկետ ուղենիշ, միաժամանակ նաեւ բաց չթողնելով կուսակցությանը:

Մյուս կողմից, դա իհարկե նրա «վրեժխնդրությունն» է: Ապրիլի 25-ին Սերժ Սարգսյանը դրեց կուսակցության նախագահի փոփոխության հարց, ինչը սակայն ՀՀԿ-ն մերժեց, դե ֆակտո այդ հարցը քննարկելի համարելով մի պայմանով՝ եթե կուսակցությունն այդպիսով Սերժ Սարգսյանի ուղիղ ազդեցությունից անցնում է Ռոբերտ Քոչարյանի ազդեցության տակ: Կամ էլ Սարգսյանին պարտադրեցին մնալ ու կրել պատասխանատվությունը անձամբ:

Նրան բաց չթողեցին, նա էլ այժմ պատասխանում է անողոք կերպով, ՀՀԿ-ն դնելով այնպիսի իրավիճակներում, երբ այլ բան, քան նոր իշխանության նախաձեռնությանն ուղղված չփաստարկված եւ անհիմն հարվածները, չի արվում, եւ ամեն անգամ այդ ամենը բումերանգի էֆեկտով հարվածում է հենց ՀՀԿ-ին:

Միեւնույն ժամանակ Սարգսյանն անշուշտ այդպիսով «վերադարձնում» է յուրայիններին ավելի լայն ժամկետում կուտակված «պարտքը»: Բանն այն է, որ նախագահության ընթացքում նա մի քանի անգամ փորձեց համակարգը ենթարկել փոքր ինչ խորքային ռեֆորմի, դրա կենսունակությունն ու երկարակեցությունը մեծացնելու համար: Սակայն յուրաքանչյուր անգամ նա ըստ էության մնում էր մենակ, քանի որ ՀՀԿ-ում չէր գտնվում որեւէ թեւ, անգամ այսպես ասած քաղաքականը, որն իր վրա վերցներ այդպիսի ռեֆորմի առարկայական պատասխանատուի դեր, իր վրա վերցներ ռեֆորմի որեւէ ռիսկ: Հետեւանքն այն էր, որ ամբողջ ռիսկը մնում էր Սերժ Սարգսյանի վրա, անգամ երբ նրան հռչակում էին անփոխարինելի:

Այժմ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ին է վերադարձնում «պարտքը», բումերանգի հարվածի ամբողջ ռիսկը թողնելով նրանց վրա: