Ազգային ժողովն այսօր՝ նոյեմբերի 1-ի իր հատուկ նիստում քննարկում է վարչապետի ընտրության հարցը: ԱԺ 1/3-ի կողմից առաջադրվել է միայն մեկ թեկնածու՝ Նիկոլ Փաշինյանը: 43 պատգամավոր ստորագրել է առաաջադրման տակ, որոնց շարքում են «ԵԼՔ», «Ծառուկյան» խմբակցության եւ ՀՀԿ-ի քաղաքական թիմից հեռացած 4 պատգամավորները՝ Արսեն Միխայլովը, Կնյազ Հասանովը, Տաճատ Վարդապետյանն ու Շիրակ Թորոսյանը։ ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն հայտարարել էին, որ թեկնածու չեն առաջադրելու:

Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանի առաջադրումն ունի ֆորմալ բնույթ. Պետք է խորհրդարանը երկրորդ անգամ էլ վարչապետ չընտրի, որ հնարավոր լինի ցրել ԱԺ-ն եւ գնալ նոր ընտրությունների:


Ավելի վաղ  հայտնել էինք, որ վարչապետի ընտրության առաջին փուլը ԱԺ-ում տեղի է ունեցել հոկտեմբերի 24-ին, որի ժամանակ վարչապետ չի ընտրվել:

Սահմանադրության 149-րդ հոդվածը սահմանում է, որ վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնից հրաժարական է տվել հոկտեմբերի 16-ին: Եթե այսօր երկրորդ փուլում եւս վարչապետ չընտրվի, ապա Ազգային ժողովն իրավունքի ուժով ցրվում է եւ նշանակվում են նոր ընտրություններ:

Ամենայն հավանականությամբ, ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին՝ կիրակի: