ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը ԱԺ արտահերթ ընտրություններին կմասնակցի ռեյտինգային ընտրակարգով։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 1–ին ԱԺ բակում լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա։

«Բացի պարոն Փաշինյանից, բոլորը ռեյտինգային ընտրակարգով կմասնակցեն ընտրություններին»,–ասաց նա և հավելեց. «Մենք պատրաստ ենք արտահերթ խորհրդարանական ընտրություններին գնալ ռեյտինգային ընտրակարգով։ Հիմա ունենք այն, ինչ ունենք և ստիպված ենք գնալ այդ ընտրակարգով»։

Սիմոնյանը հայտարարեց, որ իրենց ցուցակում չեն լինելու այնպիսի պատգամավորներ, ովքեր ժամանակին ՀՀԿ–ի համար ձայն են բերել և ներկայումս իրենց համար քաղաքական նոր տանիք են փնտրել։

«Բացառված է, որ մեր ցուցակում լինեն հանրապետականին ձայն բերող գործարար պատգամավորներ, ովքեր իրենց տանիք են փնտրել։ Մի սպասեք, որ լինելու են այնպիսի անուններ, ովքեր քննադատություն կբերեն մեր գլխին և կասկածի տակ են դնելու մեր սկզբունքայնությունը»,–ասաց նա՝ չցանկանալով նշել առաջիկայում «Իմ քայլը» դաշինքի ցուցակում ընդգրկվող ՀՀԿ–ականների անունները։

Անդրադառնալով Հայկ Կոնջորյանի՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը լքելուն և ՔՊ–ի թիմին միանալու հնարավորությանը, Սիմոնյանն ասաց.

«Հայկ Կոնջորյանը եղել է մեր այն գործընկերը, ով մշտապես կիսել է մեր սկզբունքային դիրքորոշումները և մշտապես սատարել է մեզ։ Ես շատ ուրախ եմ, որ նա այսօր մեզ հետ է»։

Հիշեցնենք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններում ինքն է գլխավորելու «Իմ քայլը» դաշինքի համապետական ցուցակը։ Փաշինյանը նաև նշել էր, որ իրենց ցուցակում հնարավոր է երկու–երեք ՀՀԿ–ականներ լինեն։