Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստում այսօր՝ նոյեմբերի 2-ին, զավեշտալի դեպք գրանցվեց: Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանը ներկայացնելով 2019 թվականի բյուջեով ոլորտի ծախսերը, նշեց, որ ներկայացված թվերին ինքը չի հավատում:

«Թույլ տվեք չհավատալ այս թվերին»,-ասաց նա՝ անդրադառնալով նրան, որ ոռոգման ջրի կորուստները նախատեսված են 56,02 տոկոս:


«Ի՞նչ է նշանակում կորուստ: Իհարկե, կորուստները ունենք հաստատված կառավարության եւ ՀԾԿՀ որոշումներով, բայց որպեսզի այդ թվերն իրական լինեն, որպեսզի յուրաքանչյուրս հավատանք այդ թվերին, որպեսզի ճիշտ ունենանք կորուստները, պետք է նախ ունենանք ոռոգման եւ ջրամատակարարման համակարգում ջրի հաշվառման հնարավորություն: Մենք այսօր այդ հնարավորությունը չունենք: Մենք ունենք շատ մեծ կորուստներ, ունենք տարբեր մակարդակի ջրանցքներում տարբեր չափերի կորուստներ: Եթե նախկին կառավարությունների կողմից ինչ-որ ռազմավարություն է մշակվել եւ ներկայացվել է, որ այսքան կորուստը կդառնա այսքան, անկեղծորեն ես այդ թվերին չեմ հավատում»,-ասաց Գաբայանը՝ հավելելով. «Մեր գլխավոր խնդիրը լինելու է ջրի հաշվառման համակարգի ստեղծումը, ինչը պահանջում է լուրջ ներդրումներ: Բա որ ասում են, իներցիոն բյուջե է, այդ թվերն էլ են իներցիոն»:

Նիստը վարող ՀՀԿ-ական պատգամավոր խոսրով Հարությունյանն արձագանքեց. «Այս թվերը ձերոնք են մեզ ներկայացրել: Հիմա այդ թվերին հավատա՞նք, թե՞ ոչ:

«Ոչ, մի հավատացեք»,-նշեց Գաբայանը, ինչին Խոսրով Հարությունյան արձագանքեց. «Մենք այս թվերի վրա ժամեր ենք կորցրել»:

Խնդրին անդրադարձավ նաեւ Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը՝ նշելով. «Մենք իրավունք չունենք կառավարության ներկայացրած փաստաթղթի նկատմամբ ունենալ մասնավոր վերաբերմունք: Այն արտահայտում է կառավարության պաշտոնական տեսակետը: Մենք կարող ենք տարբեր կարծիքներ ունենալ եւ արտահայտել տարբեր հարթակներում, եթե մենք կաշկանդված չենք նրանով, որ մաս ենք մի ամբողջի, որի անունը կառավարություն է»: