Մեր զրուցակիցն է գործարար Սիլվա Համբարձումյանը, ով մի քանի աղմկոտ հայտարարություն է արել նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին տված միլիոնավոր դոլար կաշառքների մասին: Շոշափվել են Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գեւորգյանի, Արամ Հարությունյանի եւ այլոց անունները:

Դուք մի քանի բացահայտումներ արեցիք նախկին պաշտոնյաների վերաբերյալ։ Այս կծիկը մինչև ո՞ւր կարող է տանել և ինչպե՞ս եք գնահատում, որ երկրորդ նախագահն ուզում է դատի տալ Ձեզ։


Մինչև վերջնական բացահայտումները չլինեն, կծիկը չի փակվի, անընդհատ կգնա։ Եթե «Մարտի 1»-ն էլ բացահայտվի, մի քանի գործեր էլ բացահայտվեն, կծիկը կփակվի այդ ժամանակ։

Փաստորեն նախկին բոլոր պաշտոնյաներն էլ կոռուպցիոնե՞ր են եղել՝ հաշվի առնելով, որ դուք անուններ տվեցիք։

Այո, ես կարծում եմ՝ այո։ Այն ժամանակ որևէ գործողություն չէիր կարող անել, պետք է տանիք ունենայիր, իսկ ով չուներ՝ դժվարություններով, տարբեր մարդիկ գտնելով փորձում էր հասնել իր նպատակին։

Տիկին Համբարձումյան, օրենքը նաև կաշառք տալու համար է քրեական պատասխանատվություն նախատեսում։

Այդ օրենսդրությունն ընդունվել է 2011 թվականին, իսկ օրենքը հետադարձ ուժ չունի։ Ես այդ առումով անհանգստանալու ոչինչ չունեմ, թող դատի տան։ Այդ ժամանակ օրենքով դա ամրագրված չէր։

Ձեր մատնանշած անձինք, օրինակ՝ Արամ Հարությունյանը վերջին շրջանում չի էլ գալիս Ազգային ժողով։ Ըստ շրջանառվող լուրերի՝ հիմնական սլաքներն ուղղված են հենց նրա ուղղությամբ՝ հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, որ կաշառքի գործով պատգամավոր է կալանավորվելու։

Ես չգիտեմ՝ ինքը գալիս է Ազգային ժողով, թե չի գալիս, բայց ամեն դեպքում ես կարծում եմ, որ ինքն արդեն հասկանում է, որ իրենց տանիքն այլևս չկա, տանիքը արդեն ծակվել է։

Ի՞նչ ակնկալիքներ ունեք այս գործերից ընդհանրապես։

Ես կարծում եմ, որ իրավապահներն անպայման հետամուտ կլինեն և լինում են։

Այս բացահայտումներից հետո Ձեզ արդեն կանչե՞լ են հարցաքննության։

Այսօր ես արդեն կանչվել եմ ժամը 3-ին, Արամ Հարությունյանի գործով։ Գործն ընթացքի մեջ է և ինձ ամեն րոպե կարող են կանչել։

Դուք ցանկանում եք հասնել նաև Սուրիկ Խաչատրյանի, Վարդան Այվազյանի դրվագներով գործերի բացահայտմա՞նը։

Այո, բոլորն էլ պետք է պատասխան տան, ու հարցն այստեղ այդ գումարը չի։ Երբ Վարդան Այվազյանը կվճարի այդ գումարը, դա կգնա մանկատուն կամ ծերանոց։ Եթե ամեն մարդ իր արարքի համար պատասխան տա, նոր սերնդում նման մարդիկ չեն լինի։

Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի գործերը ո՞ր ժամանակաշրջանում են եղել, երբ նրա՞նք էին կառավարում երկիրը։

Այո։ Հիմնական գործողությունները 2008 թվականին են եղել։

Նյութի աղբյուրը՝ Lragir.am