ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ներկայացրել է Ազգային ժողովի պատգամավորի առաջադրման համար պահանջվող, անձնագրային ծառայության կողմից տրվող տեղեկանք ստանալու կարգը:

«Ազգային ժողովի պատգամավորի առաջադրման համար պահանջվող, անձնագրային ծառայության կողմից տրվող տեղեկանք ստանալու համար անձը պետք է բավարարի հետեւյալ պահանջներին.

1. սույն թվականի դեկտեմբերի 9-ի դրությամբ պետք է լրացած լինի 25 տարին,

2. դիմում տալու օրվան նախորդող 1461 օրերի ընթացքում 731 եւ ավելի օր բացակայած չլինի Հայաստանից,

3. դիում տալու դրությամբ վերջին չորս տարին հանդիսացած լինի միայն Հայաստանի քաղաքացի:

731 եւ ավելի օր բացակայությունը հարգելի է, եթե.

1) անձը հանրային ծառայող լինելով արտերկրում գտնվել է ծառայողական նպատակներով,

2) արտերկրում գտնվել է բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսումնառության նպատակով»,-գրել է նա Facebook-ի իր էջում:

Նա նաև հավելել է, որ Ազգային ժողովի պատգամավորի թեկնածուի առաջադրման համար պահանջվող, անձնագրային ծառայության կողմից տրվող տեղեկանք ստանալու համար անձը կարող է դիմել անձամբ կամ լիազոր ներկայացուցչի միջոցով:

«Լիազորագիրը կարող է լինել հասարակ գրավոր ձևով. նոտարական վավերացումը պարտադիր չէ», - նշել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետը։