Ինձ խորապես մտահոգում է այն հանգամանքը, որ խաղաղության ամրապնդման ինստիտուցիոնալ մեխանիզմներ ամրագրող Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, կարծես թե, դուրս են մղվում բանակցությունների օրակարգից։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նա, մասնավորապես, նշել է.


«Երեկ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային հերթական այցը ամփոփեցին հայտարարությամբ։

Ինչպես եւ կանխազգում էի, Դուշանբեում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ ոտքի վրա ձեռքբերված բանավոր պայմանավորվածությունը դառնում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլի հենման կետը։

Լավ է, որ այն պահպանվում է, եւ սահմանին իրավիճակը հարաբերականորեն հանդարտ է։ Դա անժխտելի է։

Սակայն ինձ խորապես մտահոգում է այն հանգամանքը, որ խաղաղության ամրապնդման ինստիտուցիոնալ մեխանիզմներ ամրագրող Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, կարծես թե, դուրս են մղվում բանակցությունների օրակարգից։

Խնդիրն այն է, որ այդ պարտավորությունները բանավոր չեն, ամրագրված են դիվանագիտական խողովակներով եւ բանակցային գործընթացի շարունակության համար ստեղծված էր իրավական դաշտ ադրբեջանական հնարավոր ագրեսիային դիմագրավելու եւ բանակցային գործընթացի շուրջ վերահսկելի վստահության միջավայր ստեղծելու նպատակով։

Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի եւ Ժնեւի պայմանավորվածությունները Ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանին զսպելու եւ խաղաղություն ամրապնդելու մեխանիզմներ էին, որոնցից հրաժարվելը կնշանակի նաեւ դասեր չքաղել այդ պատերազմից, ինչպես նաեւ այդ պատերազմը Ադրբեջանի համար դիվանագիտական առումով թողնել անհետեւանք: Պատահական չէր, որ Ադրբեջանը հետեւողականորեն փորձում էր շրջանցել դրանց գոյությունը եւ կատարումը։

Այսօր ունենք իրավիճակ, երբ որեւէ ինստիտուցիոնալ հիմք չպարունակող, Ալիեւի ցանկություններից կախված եւ բանավոր Դուշանբեն դառնում է փխրուն եւ հեղհեղուկ ելման կետ, որին հղում արեց երեկ նաեւ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը, ով, ի դեպ, ասաց նաեւ, որ հայկական կողմի առաջարկով է Ղարաբաղը ժամանակին դուրս մնացել բանակցություններից, այնինչ մեր պատասխանատվության ժամանակահատվածում մենք շարունակել ենք բանակցությունները արդեն ներկա ժառանգած ձեւաչափով:

Լավ է, որ սահմանին վիճակը հանդարտ է։ Վատ է, որ այդ հանգստությունը ոչ թե կայուն, երկարաժամկետ եւ ինստիտուցիոնալ է, այլ մեր ընտրություններից հետո բանակցային գործընթացը արհեստականորեն արագացնելու համար նախատեսված թակարդ է հիշեցնում:

Մնում է հասկանալ, թե ինչու եւ որ մակարդակով է հայկական կողմը հրաժարվում մեր զինանոցում եղած այս միջոցներից: Արդյոք դա արվել է վարչապետի, թե ԱԳՆ-ի մակարդակով:

Եթե դա դիտավորություն չէ, ապա բանակցությունների համար պատասխանատու անձինք շատ կարճ ժամանակահատվածում պարտավոր են Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի եւ Ժնեւի օրակարգը վերադարձնել սեղանին»: